ՀԿ-ների կոչը՝ վերացնել լրագրողների դեմ սահմանափակումներն ԱԺ-ում

ՀԿ-ների կոչը՝ վերացնել լրագրողների դեմ սահմանափակումներն ԱԺ-ում

PanARMENIAN.Net - ՀՀ լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտում են Ազգային ժողովում լրագրողների նկատմամբ օգոստոսի 2-ից կիրառվող սահմանափակումները և կոչ անում վերացնել դրանք:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱԺ-ում լրագրողներին ու օպերատորներին չի թույլատրվել մտնել նոր մասնաշենք, ուր անցնում են հանձնաժողովների նիստերը, նրանք չեն կարողացել անցնել այն հատված, որտեղ գտնվում են խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների աշխատասենյակները, ինչպես նաև՝ օգտվել որոշ նախասրահներից, որտեղ սովորաբար հարցազրույցներ ու մեկնաբանություններ էին վերցնում պատգամավորներից։

Նշվում է, որ սահմանափակումները կիրառվել են առանց նախնական քննարկումների ու նախապես տեղեկացնելու։

«Չի ընդունվել որևէ նորմատիվ-իրավական ակտ, որը հիմք կհանդիսանար նման գործողությունների համար, և միայն նույն օրը՝ օգոստոսի 2-ին, երբ արդեն կիրառվել են սահմանափակումները, հրապարակվել է դրանց վերաբերող ԱԺ նախագահի համապատասխան որոշում»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ անհիմն արգելքներ են ստեղծում խորհրդարանում ԶԼՄ-ների ազատ գործունեության համար, խոչընդոտում դրանց մասնագիտական աշխատանքը։

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են խորհրդարանի ղեկավարությունից.

- անհապաղ վերացնել Ազգային ժողովում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ օգոստոսի 2-ից կիրառվող սահմանափակումները,

- կասեցնել նույն օրը հրապարակված ԱԺ նախագահի՝ «Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 12-ի ՆՕ-01-Լ որոշման հավելված 1-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման 5-րդ կետը, որը վերաբերում է վերոհիշյալ սահմանափակումներին,

- նախաձեռնել լայն քննարկումներ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների, նրանց ղեկավարների, լրագրողական հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների փորձագետների մասնակցությամբ՝ խորհրդարանում ԶԼՄ-ների գործունեությունը լավագույնս կանոնակարգելու և առկա խնդիրները հիմնովին լուծելու համար։

Հայտարարությունը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի Մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և այլ կազմակերպություններ։

Օգոստոսի 2-ից լրագրողների տեղաշարժն Ազգային ժողովում խիստ սահմանափակվել է։ Մասնավորապես, ԱԺ հին մասնաշենքը նորին կապող միջանցքն անցել է պետական պահպանության ծառայության վերահսկողության տակ, որի արդյունքում լրագրողները զրկվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների աշխատասենյակներին մոտենալու հնարավորությունից։

 Ուշագրավ
Նախատեսվում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերական հանգիստ է։
Զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորել է