Պարզաբանում․ Նախարարը զուգահեռ չի տարել Նաիրի Հունանյանի և լրագրողների միջև

Պարզաբանում․ Նախարարը զուգահեռ չի տարել Նաիրի Հունանյանի և լրագրողների միջև

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի մեկնաբանությանն ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ, պարզաբնել է, որ նախարարը զուգահեռ չի տարել Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչ Նաիրի Հունանյանի և լրագրողների միջև։

«Նախարար Անդրեասյանը նշել է, որ եթե անվտանգության մարմինները գտել են որոշակի ռիսկեր, մենք պետք է դա հարգենք՝ անկախ մեր մասնագիտություններից: Ու որպես կոնկրետ ԱԺ-ում անվտանգության կանոնները ոչ պատշաճ պահպանելու արդյունքում արձանագրված ողբերգություն՝ հիշեցրել Նաիրի Հունանյանի դեպքը՝ բնավ որևէ զուգահեռ չտանելով լրագրողների ու նրա միջև։ Հետևապես, մասնագիտությամբ լրագրող Հունանյանի օրինակը բացառապես բերվեց անվտանգության կանոնների պահպանումը խիստ կարևորելու անհրաժեշտությունից։

Ցավում եմ, որ մեր որոշ գործընկերներ, թյուրիմացության արդյունքում, իրենց են վերագրում ասվածը, բայց վստահեցնում եմ, որ նախարարը դա ի նկատի չի ունեցել»,- նշել է նա։

Խոսնակը նաև ներկայացրել է Անդրեասյանի՝ այս թեմայով հարցին տրված ամբողջական պատասխանը.

«Ես գիտեմ, որ նույնիսկ ամենապրոֆեսիոնալ լրագրողը, եթե որևէ օրենք է խախտում կամ կարգ է խախտում, պետք է ենթարկվի պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ինչ բարձր առաքելությամբ է մարդը գործում. լրագրող է, բժիշկ է, իրավաբան է: Ինչ վերաբերում է այսօրվա Ձեր հարցադրմանը՝ այդ սահմանափակումներին․․․ անվտանգության դեպքում՝ ազգային անվտանգության դեպքում, պետական անվտանգության դեպքում, աշխարհի բոլոր՝ ամենաքաղաքակիրթ երկրներում լինում են սահմանափակումներ: Եվ նաև հիշեցնելով, թե ով էր, օրինակ, Նաիրի Հունանյանը՝ լինելով լրագրող՝ կարող էր ինչեր անել, մենք պետք է հասկանանք, որ լրագրությունը կամ խոսքի ազատությունը բացարձակ արժեք չեն, և եթե անվտանգության մարմինները գտել են որոշակի ռիսկեր, մենք պետք է դա հարգենք: Դա, ի վերջո, մեր պետության պաշտպանության հարցն է: Այլ խնդիր է, որ ես որպես պաշտոնյա և մեր բոլոր գործընկերները Ազգային ժողովում, պիտի կարողանանք Ձեզ համար ստեղծենք ամենանպաստավոր պայմանները աշխատանքի համար, ինչի մասին արդեն լսել եմ, որ ԱԺ նորանշանակ նախագահը հիմա քննարկում է։ Մենք էլ պատրաստ ենք՝ որպես գործադիրի մասնագետներ, աջակցենք Ազգային ժողովի մեր գործընկերներին, որպեսզի լրագրողների համար ստանանք ամենահարմար աշխատանքային պայմանները»,-ասել է Անդրեասյանը։

Օգոստոսի 5-ից Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանը չի կարող մուտք գործել ԱԺ։ Նման որոշում է կայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանն ու իրազեկող նամակ ուղարկել խմբագրության էլեկտրոնային փոստին։

ԱԺ-ից տեղեկացրել են, թե լուսանկարիչն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս «խախտել է «ԱԺ տարածքում և շենքում» գործող կանոնները հաստատելու մասին ԱԺ նախագահի որոշման հավելված 1-ի 2.8 կետը, ըստ որի արգելվում է պահպանվող օբյեկտի տարածքում, այդ թվում հսկիչ անցագրային կետերում պահպանության ծառայության աշխատակիցներին իրենց մասնագիտական գործունությունն իրականացնելիս ձայնագրելը, տեսանկարահանելը, լուսանկարելը»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---