Համայնքի ղեկավար․ Ադրբեջանցիները միտումնավոր հրդեհել են Ագարակի ցորենի դաշտերը

Համայնքի ղեկավար․ Ադրբեջանցիները միտումնավոր հրդեհել են  Ագարակի ցորենի դաշտերը

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիներն օգոտոսի 8-ին և 9-ին 16 հա հողատարածք են միտումնավոր այրել Սյունիքի մարզի Ագարակ գյուղի և Ադրբեջանի սահմանային հատվածում: Այդ մասին տեղեկացրել է Ագարակի վարչական ղեկավար Հայկ Սահակյանը, գրում է «Փաստինֆոն»։

Օգոստոսի 9-ին՝ ժամը 13։00-ից, ըստ վարչական ղեկավարի, 10 հա տարածք է այրվել։ Կրակը մարել չի հաջողվել, այն տարածվում է մյուս խոտածածկ հատվածներում։ Դրանք գյուղի վարձակալած հողերն են, որոնք անմիջապես Ադրբեջանի հետ սահմանի մոտ են։ Գյուղացիները ցանած ցորենը հասցրել էին հավաքել։

Սահակյանի խոսքով, գյուղի մեծ մասը՝ մոտ 40 ընտանիք տուժել է ադրբեջանական կողմի սադրանքի պատճառով։

«10 հա վառվում է։ Երեկ էլ 6 հա է վառվել։ Գյուղում՝ գյուղամեջից սահմանի դիրքերը ու տեղաշարժը երևում է։ Ադրբեջանական կողմը մեկ ամսվա մեջ օրը մեջ էլ վառում են, մենք տեսնում ենք, որ լուցկիով վառում են։ Ադրբեջանական կողմը հենց վառվող հողերի սահմանի վրա է, գյուղամեջից էլ իրենք 1 կմ են հեռու»,-ասել է նա։

Նա նշել է նաև, որ սադրանքներից խուսափելու համար Տեղ համայնքի օրինակով Ագարակ գյուղում չեն կարող իրենք էլ սահմանային հատվածը փորել, քանի որ ռելիեֆը թույլ չի տալիս։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները միտումնավոր հրկիզում են ՀՀ-ին սահմանակից խոտածածկ տարածքը։ Այդ մասին տեսանյութ է տարածվել համացանցում։ Խոսքը մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածի մասին էր։

Օգոստոսի 6-ին առավոտյան ՀՀ ՊՆ-ն հացորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---