Մանե Թանդիլյանը՝ «Ապրելու երկիր» նոր կուսակցության նախագահ

Մանե Թանդիլյանը՝ «Ապրելու երկիր» նոր կուսակցության նախագահ

PanARMENIAN.Net - Oգոստոսի 15-ին տեղի ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության անդրանիկ համաժողովը, կուսակցության նախագահ միաձայն ընտրվել է Մանե Թանդիլյանը։

Նորաստեղծ քաղաքական ուժի համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի: Բացման խոսքով հանդես են եկել «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներ Մեսրոպ Առաքելյանը և Մանե Թանդիլյանը։

«Այսուհետ, մեր ապրած ամեն օրը որոշիչ է, մեր ապրած օրվանից է կախված, թե վաղն ինչպիսի հասարակություն կունենանք, ինչպիսի հայրենիք ու ինչպիսի երկիր։ Մենք ուզում ենք ունենալ Ապրելու երկիր։

Վստահ ենք, որ ունենք նվիրում պետության ու հասարակության նկատմամբ և ունենք համոզմունք, որ ի վիճակի ենք համախմբել այլ մարդկանց, ովքեր մեզ նման են մտածում, կիսում են մեր գաղափարները, խելացի են, պրոֆեսիոնալ, նվիրված և պատրաստ են իրենց ամբողջ ներուժով գործել Ապրելու երկիր կառուցելու համար»,- նշել է Մեսրոպ Առաքելյանը։

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր-անդամ Մանե Թանդիլյանն իր ելույթում նշել է, որ ապրելու երկիր պետք է դառնա յուրաքանչյուրիս միջավայրը՝ մեր տունը, բակը, աշխատավայրը, գյուղն ու քաղաքը։

«Բոլորս հանձնառու ենք գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք բացահայտել այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնք լուծելու համար մենք ունենք ցանկություն, նվիրում և հնարավորություն։ Մենք հավատում ենք, որ ունենալու ենք հզոր պետություն, կայուն անվտանգություն, բարեկեցիկ և ստեղծագործ հասարակություն։ Մենք հավատում ենք, որ հայ լինելը և Հայաստանում ապրելը ոչ թե շարունակելու է լինել ճակատագրի կամ բնության որոշում, այլ հենց մարդու անբեկանելի կամք։ Հենց հայ լինելու և Հայաստանում ապրելու հաստատակամությունն է մեզ տալիս պատասխանատվություն՝ միավորելու հազարավոր մեր հայրենակիցների ջանքերը՝ կերտելու երազանքներն ու նպատակները»,-ասել է նա։

Անդրադառնալով ուժերի համախմբման անհրաժեշտությանը՝ Մանե Թանդիլյանը մասնավորապես կարևորել է «Ապագա հայկականը» նախաձեռնության կողմից իրականացվող աշխատանքները և վերջինիս հետ համագործակցության պատրաստակամություն հայտնել։

Ապրելու երկիր» կուսակցության համաժողովի ընթացքում ընդունվել է Կուսակցության նոր կանոնադրությունը, ծրագրային հռչակագիրը, տեղի է ունեցել Կուսակցության խորհրդի անդամների, վերահսկիչ հանձնաժողովի և նախագահի ընտրություն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---