ԿԳՄՍՆ․ Ուսուցչի կողմից շաբաթական դասավանդվող ժամերը կկրճատվեն

ԿԳՄՍՆ․ Ուսուցչի կողմից շաբաթական դասավանդվող ժամերը կկրճատվեն

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով հանրակրթության չափորոշչի փոփոխությանը, տեղեկացրել է, որ ուսուցչի կողմից շաբաթական դասավանդվող ժամերի քանակը կկրճատվի։

Փոփոխությունները փորձարկվելու են այս սեպտեմբերից Տավուշի մարզի 2, 5, 7, 10-րդ դասարաններում։

«Հանրակրթության չափորոշչի փոփոխությունը ոչ միայն առարկայական ծրագրերի, այլ նաև գնահատման համակարգի, ուսուցչի աշխատանքի կառուցվածքի և ըստ այդմ՝ տարիֆիկացիայի կազմման փոփոխություններ է ենթադրում։ Փոփոխություններ են իրականացվում նաև դպրոցների ֆինանսավորման մոտեցման մեջ։

Նախարարության կայքում ներկայացրել ենք փորձարկման համար նախատեսված ուսումնական պլանը, գնահատման կարգը, տարիֆիկացիոն պլանների կազմման առանձնահատկությունները»,-ասվում է գրառման մեջ։

Մասնավորապես, ուսուցչի դրույքաչափի համար փորձարկվելու է հետևյալ մոտեցումը. փորձարկվող տարրական դասարանում ուսուցչի մեկ դրույքաչափը՝ 22 ժամը կազմված է շաբաթական 18 դասավանդվող ժամերից և 4՝ գնահատման համար անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելու համար նախատեսված ժամից՝ հաշվի առնելով միավորային գնահատման բացակայությունը և ոչ միավորային գնահատման համար պահանջվող աշխատանքի ծավալը։ Հիմնական և ավագ դասարաններում համամասնությունը դառնում է 20+2:

Նշվում է, որ այս փոփոխությունը նպատակ ունի կրճատել ուսուցչի կողմից շաբաթական դասավանդվող ժամերի թիվը՝ ժամանակ հատկացնելով ուսուցչի կողմից դասերի պլանավորման, գնահատման աշխատանքների համար։

«Կարևոր փոփոխություն է փորձարկվող դասարանները առավելագույն ժամաքանակներով ֆինանսավորելու սկզբունքը, ինչը հնարավորություն է տալիս ներառել ընտրովի բաղադրիչը, ֆինանսավորել նախագծային աշխատանքների ղեկավարումն ու իրականացումը, որը պարտադիր է 7-րդ դասարանից սկսած։

Ավագ դասարաններում, միասնական մոտեցում դրսևորելով առանձին գործող ավագ դպրոցների և միջնակարգ դպրոցների նկատմամբ, ներդրվել է անհատականացված դասացուցակի հիման վրա առարկայական խմբեր ձևավորելու և ըստ այդ տարիֆիկացիոն ցուցակները կազմելու սկզբունքը։Սա պետք է հնարավորություն տա սովորողներին ձևավորել իրենց մասնագիտական նախասիրություններին առավել համապատասխանող դասացուցակ»,-գրել է փոխնախարարը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---