Փաշինյան․ Սյունիքը ՀՀ-ից կտրված չէ, կա այլ ճանապարհ՝ գրունտային

Փաշինյան․ Սյունիքը ՀՀ-ից կտրված չէ, կա այլ ճանապարհ՝ գրունտային

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աժ-ում ելույթում անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մի հատվածը փակելուն, հայտարարել է, որ Սյունիքը ՀՀ-ից կտրված չէ, կա այլ ճանապարհ՝ գրունտային։

«Կապան-Աղվանի գրունտային ճանապարհ կա, որը մեծ տեմպերով ասֆալտապատվում է։ Նկատի ունեմ, որ Սյունիքի մարզը, իհարկե, Հայաստանից կտրված չէ», - ասել է նա։

Փաշինյանն ասել է, որ, խոսքը 21 կիլոմետրանոց հատվածի մասին է, որը ԽՍՀՄ քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս է եղել։

«Այդ տեղերում ադրբեջանցիները փակել են, պատճառաբանելով, թե դրան նախորդող գիշերը միջադեպ է եղել՝ թե հայերը դանակահարել են ադրբեջանցի սահմանապահների»,-ասել է նա։

Վարչապետը պաշտոնապես հերքել է դանակահարության վերաբերյալ ադրբեջանցիների տարածած հաղորդագրությունը։

«Մենք պաշտոնապես ասում ենք, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Մենք կոչ ենք անում՝ եթե ադրբեջանական կողմը հիմնավորումներ ունի, որ նման բան եղել է, թող փոխանցի մեզ, որպեսզի հետաքննենք»,-ասել է վարչապետը։

Փաշինյանը նաև ասել է, որ այն, ինչ տեղի է ունեցել, հակասում է ՊՆ–ի 2020-ի դեկտեմբերի 19-ի հայտարարության մեջ նշված պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել ՀՀ և ՌԴ միջև։

Նա հիշեցնել է, որ, ըստ պայմանավորվածության, Գորիս Կապան ճանապարհի անվտանգությունը Գորիս–Դավիթ Բեկ հատվածում ապահովում են ռուս սահմանապահները։ Նա հավելել է, որ այս պայմանավորվածությունը պետք է ամրագրվեր եռակողմ փաստաթղթով, սակայն, դա տեղի չի ունեցել։

Փաշինյանն ասել է նաև, որ ռազմավարական առումով Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումն է լուծելու այդ հարցը, բայց ոչ ամբողջապես։

Օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ ԱԱԾ-ն հայտարարել է, որ աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

Պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած տեղեկությունը, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան: «Նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---