Նախագիծ․ Չպատվաստված կամ թեստի արդյունք չներկայացնող հանրային աշխատողները կարող են ազատվել աշխատանքից

Նախագիծ․ Չպատվաստված կամ թեստի արդյունք չներկայացնող հանրային աշխատողները կարող են ազատվել աշխատանքից

PanARMENIAN.Net - Նախագիծ է դրվել շրջանառության մեջ, ըստ որի կորոնավիրուսի դեմ պատվաստված չլինելու դեպքում հանրային ծառայողները կամ հանրային պաշտոն զբաղեցնողները կարող են ազատվել աշխատանքից։ Նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարարությունը։

Աշխատողն ինքը կարող է ընտրել և աշխատանքի վայրում ներկայացնել կամ հետազոտության (կորոնավիրուսի թեստի) արդյունքը հավաստող փաստաթուղթը, կամ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը։

Նախագծով առաջարկվում է փոփոխություն իրականացնել «Հանրային ծառայության մասին» օրենքում։ Դրա անհրաժեշտությունը հիմնավորվում է ՀՀ-ում հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճով։

Հիմնավորման մեջ նշվում է, որ հանրային իշխանության մարմիններում աշխատող անձինք իրականացնում են հանրության և պետության համար կարևոր նշանակություն ունեցող գործառույթներ, և այդ պարագայում նրանց կողմից վարակիչ հիվանդությամբ վարակվելը կարող է տևական ժամանակ խոչընդոտներ ստեղծել այդ գործառույթների պատշաճ իրականացման համար։

Նշվում է նաև, որ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների, հատկապես՝ պարբերական հետազոտության կամ պատավաստումների պարտադիր իրականացումը դարձել է տարածված միջազգային պրակտիկա և մի շարք երկրներ արդեն իսկ ներդրել են համապատասխան մեխանիզմներ։

Նախագծով առաջարկվում է նաև վերոնշյալ կարգավորումը տարածել «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների վրա։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հանրային իշխանության մարմինների կողմից իրականացվող գործառույթների պատշաճ իրականացումը, ինչը բխում է հանրային շահերից և պետության պոզիտիվ պարտականություններից: Միաժամանակ, նշված մարմիններում սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման միջոցով նպատակ է հետապնդվում հնարավորություն ընձեռել կանխարգելելու կորոնավիրուսային հիվանդության տարածումը Հայաստանի Հանրապետությունում, ձևավորել կոլեկտիվ իմունիտետ այդ հիվանդության նկատմամբ, ապահովել հանրային առողջության բավարար մակարդակը՝ նպաստելով անձանց առողջության պահպանմանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---