ՀՀ-ում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման նոր համակարգ կներդրվի

ՀՀ-ում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման նոր համակարգ կներդրվի

PanARMENIAN.Net - Հայաստանում նախատեսվում է օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման նոր համակարգ ներդնել։ Հայաստանի միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանդիպում օտարերկրացիներին արդյունավետ և պարզեցված աշխատանքի թույլտվության համակարգի ներդրման թեմայով:

Նոր համակարգը գործարկվելու է 2022-ի հունվարի 1-ից: Առաջիկայում նախագիծը կդրվի հանրային քննարկման:

Օտարերկրացուն ներկայում աշխատանքի թույլտվություն տալիս է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ինչի հիման վրա օտարերկրացին դիմում է Ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչություն՝ աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու նպատակով: Նոր համակարգով այս գործընթացները միավորվում են ու ամբողջությամբ դառնում են էլեկտրոնային:

Այդպիսով, դյուրացվում է գործատուի բեռը, քանի որ աշխատանքի թույլտվություն օտարերկրացուն տրվում է գործատուի դիմումի հիման վրա և այն պարագայում, երբ թափուր հաստիքը չի համալրվում ՀՀ քաղաքացի թեկնածուով: Նոր հարթակի ներդրմամբ կրճատվում են գործընթացի ժամկետները, դյուրացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը, միևնույն հարթակում էլեկտրոնային եղանակով հասանելիություն են ստանում ոլորտի պետական կառույցները:

Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում համակարգի գործարկման տարբեր սցենարների շուրջ: Ներկաները կիսվել են իրենց փորձառությամբ, հնարավոր բարդություններով, հայտնել իրենց մտահոգությունները, իսկ նախաձեռնության հեղինակները առաջարկել են բարձրաձայնված հարցերի հնարավոր արդյունավետ լուծումներն ու ի գիտություն ընդունել հնչած առաջարկները:

Մինչև տարվա վերջ Միգրացիոն ծառայությունը կնախաձեռնի հանդիպումների շարք օտարերկրացի ներգրավելու փորձառություն ունեցող գործատուների հետ: Մասնագետները կներկայացնեն համակարգի գործառույթները, կարձանագրեն նաև շահառուների առաջարկներն ու կարծիքները:

Քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաև Միգրացիոն ծառայության, ՄԱԿ ՄՄԿ-ի աշխատակիցները, նախագծի հեղինակ փորձագետներն ու էլեկտրոնային համակարգի հեղինակ ծրագրավորողները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---