Երևանի բոլոր շրջաններում ընտանի շների համար զբոսայգիներ կստեղծվեն

Երևանի բոլոր շրջաններում ընտանի շների համար զբոսայգիներ կստեղծվեն

PanARMENIAN.Net - Երևանի բոլոր վարչական շրջաններում ընտանի շների համար կստեղծվեն հատուկ զբոսայգիներ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սիրո և հավատի» այգում, ինչպես նաև Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում շների առանձնացված զբոսայգիները պատրաստ կլինեն արդեն այս տարի:

«Նպատակն այն է, որ շուն պահող մարդիկ ունենան առանձնացված հատված, որտեղ կարող են իրենց շներին տանել զբոսանքի՝ առանց անհարմարություն պատճառելու ոչ միայն այլ մարդկանց, այլ նաև իրենց: Գիտեք, որ շատ տարածքներում, այդ թվում՝ զբոսայգիների խոտածածկ տարածքներում, խաղահրապարակների հարևանությամբ շների զբոսանքն արգելված է, և մենք հաճախ ենք ստանում շուն պահող քաղաքացիների արդարացի բողոքը»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

Ծրագրի առաջին փուլն իրականացվում է ռուսաստանաբնակ գործարար Սոս Մարտիրոսյանի աջակցությամբ: Զբոսայգիներում հարմարավետ պայմաններ կստեղծվեն ինչպես շների զբոսանքի, այնպես էլ վարժանքների համար: Առաջին անգամ նախաձեռնվող այս ծրագիրն իրագործելու նպատակով համայնքը համագործակցում է ոլորտի մասնագետների հետ:

«Այս զբոսայգիները կառուցելիս մենք համագործակցում ենք մասնագետների հետ, նաև շնասերների հետ, որպեսզի ստանանք հնարավոր լավագույն տարբերակը, որը կլինի և անվնաս, և հարմար շների վարժանքի ու զբոսանքի համար»,-ասում է Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

«Հաշվի առնելով միջազգային փորձը՝ նախատեսել ենք շների վարժանքի համար նախատեսված սարքեր, առարկաներ: Ուրախ ենք, որ համայնքը համագործակցում է այս գաղափարն իրագործելու համար: Այգին երկարատև ժամանցի համար հետաքրքիր կլինի»,- ընդգծել է կենդանիների պաշտպանության «Շունչ» հիմնադրամի նախագահ Արեգ Գինոսյանը:

Այգիներում կլինեն վարժասարքեր, գիշերային լուսավորություն, ոռոգման նոր ցանց, աղբամաններ, հատուկ ցուցանակներ, ինչպես նաև նստարաններ՝ շներին զբոսանքի հանած քաղաքացիների հանգստի համար: Զբոսայգիներում փոքր և խոշոր շների համար նախատեսված տարածքները կլինեն առանձնացված:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---