Գորիսի փոխքաղաքապետ Յոլյանի լիազորությունները կասեցվել են

Գորիսի փոխքաղաքապետ Յոլյանի լիազորությունները կասեցվել են

PanARMENIAN.Net - Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի լիազորությունները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կասեցվել են։ Այդ մասին տեղեկացրել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը, գրում է «Փաստինֆոն»։

Նրա փոխանցմամբ՝ կասեցվել է նաև Գորիսի համայնքապետարանի ևս երկու աշխատակցի գործունեությունը։

Օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Նրանք ձերբակալվել էին օգոստոսի 15-ին՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննության նպատակով դատարան ներկայացվելու համար։

Դատարանը բոլոր երեք կանանց կալանավորելու միջնորդությունները մերժել էր, իսկ Մնացական Մարտիրոսյանը՝ պատերազմի մասնակից, բազմազավակ հայր Մենուա Հովսեփյանին կալանավորելու որոշում էր կայացրել։

Հոկտեմբերի 17-ին Գորիսում նախատեսվում է Գորիսի համայնքապետի ընտրությունների անցկացում, որին մասնակցելու է նաև գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը, թեև նա ևս կալանքի տակ է։ Դատարանը մերժել է նրա նկատմամբ գրավի կիրառումը, հետևապես զրկված է լինելու քարոզարշավին անձամբ մասնակցելու հնարավորությունից։ Ըստ ամենայնի՝ Իրինա Յոլյանը ժամանակավորապես ազատված լինելով պարտականությունների կատարումից կներգրավվի ընտրական գործընթացում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---