Քերոբյան․ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կհանգեցնի ՀՆԱ-ի 30% աճի

Քերոբյան․ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կհանգեցնի ՀՆԱ-ի 30% աճի

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ռուս-հայկական բիզնես-երկխոսություն» համաժողովի ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն էապես կբարելավի հնարավորությունները և թույլ կտա Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2 տարում ավելացնել 30 տոկոսով, տեղեկացնում է ՍիվիլՆեթը։

ՀՆԱ-ի 30 տոկոս աճը, նախարարի խոսքով, տեղի կունենա, եթե ապաշրջափակվեն տարածաշրջանում հաղորդակցության բոլոր ուղիները Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև:

«Հաշվարկված է, որ տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակումը կհանգեցնի Հայաստանի ՀՆԱ-ի 30 տոկոս աճին: Սա ոչ միայն մեր, այլ միջազգային գործընկերների, այդ թվում Համաշխարհային բանկի ու Ասիական զարգացման բանկի ուսումնասիրություներն են»,- նկատել է Վահան Քերոբյանը:

Թեև հաղորդակցության ապաշրջափակումը հայ-ռուսական համաժողովի թեման չէր, բայց նախարար Քերոբյանը նկատել է՝ «շատ լավ հասկանում ենք, որ այն էապես կբարելավի հնարավորությունները և մրցունակ կդարձնի այն նախաձեռնությունները, որոնք մենք քննարկում ենք այստեղ»։

Իր հերթին Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը հայտնել է, որ փոխադարձ առևտրի արգելքները վերացնելու համար այժմ վերակառուցվում են Վերին Լարսի ենթակառուցվածքները։

«Մինչև 2022-ի կեսերը կավարտվեն մարդատար ավտոմեքենաների մասով ենթակառուցվածքի վերակառուցումը Վերի Լարսի անցակետում: Տարվող աշխատանքների արդյունքում մինչև 2022-ի վերջը թողունակությունը Վերին Լարսում օրական 6.5 անգամ կավելանա՝ հասնելով 2650 բեռնատար ավտոմեքենա՝ մինչև 3 000 ավտոմեքենա ընդլայնելու հնարավորությամբ։ Սա լուրջ և պրակտիկ քայլ է մեր երկկողմ և ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության համար՝ ուղղված ապրանքաշրջանառության հեշտացման ու դրա ծավալների աճին»,- ասել է Վոլվաչը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---