Մարության. Հաջորդ տարիներին կտոնենք Էրեբունի-Երևանը

Մարության. Հաջորդ տարիներին կտոնենք Էրեբունի-Երևանը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորելով երևանցիներին Էրեբունի-Երևանի օրվա առիթով, նշել է, որ հաջորդ տարիներին կտոնենք մեր քաղաքի օրը։

Այն մասին, որ 2021-ին հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները չեն անցկացվի հայտարարվել էր դեռևս օգոստոսին։

«Արդեն տեղյակ եք, որ այս տարի, հայտնի հանգամանքների բերումով, տոնական միջոցառումներ չեն լինի, իսկ դրա համար նախատեսված բյուջեն կփոխանցվի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու այլ մշակութային հաստատությունների վերազինման, ինչպես նաև Արցախում ընթացող բնակարանաշինության ծրագրերին։

Այդուհանդերձ, մենք քաղաքային կյանքի բազմաթիվ ոլորտներում ունենք բավական լավ նորություններ, ավարտուն ձեռքբերումներ ու նորընթաց ծրագրեր։ Դրանք վերաբերում են հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներին՝ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, մշակույթին ու հատկապես, տրանսպորտային բարեփոխումներին։ Այդ ծրագրերը Ձեր դատին կներկայացնենք առաջիկա շաբաթներին՝ երևանյան օրերի ընթացքում։

Մեր հազարամյա մայրաքաղաքը՝ մշտադալար Երևանը, միշտ և բոլոր պարագաներում կշարունակի լինել մեր քաղցր հայրենիքի զարգացման ու բարգավաճման առաջամարտիկը։ Վստահ եմ, որ այս գիտակցությամբ հաջորդ տարիներին մենք կտոնենք մեր քաղաքի օրը։ Տոնդ շնորհավոր, Երևա՛ն»,- ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---