Գյումրու Բարեկամության զբոսայգու շինարարությունը մեկնարկել է

Գյումրու Բարեկամության զբոսայգու շինարարությունը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Գյումրիում պաշտոնապես մեկնարկել են Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքները։

Մինչ այս, Բարեկամության զբոսայգու վերակառուցման ծրագիրն ընթացել է մի քանի փուլով․ այգու տարածքում վերջին 20 տնակների բնակիչներին իրենց պահանջներին համապատասխան բնակարանների տրամադրում, հանրային քննարկումների և անտրոպոլոգիական ուսումնասիրության իրականացում, այգու մասնակցային դիզայն-կոնցեպտի մշակում և ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի միջազգային ճարտարապետական մրցույթի ամփոփում, վերջնական կոնցեպտուալ նախագծի ներկայացում, ֆոնդհայթհայթմանն ուղղված աշխատանքների իրականցում։

Շառլ Ազնավուրի անվան հրապարակի մոտ գտնվող և 7․2 հա տարածք զբաղեցնող այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես հանրային-մասնավոր համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11․8 մլն դոլար, որից 3․2 մլն դոլարն արդեն ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։ ՀՀ կառավարությունը 1․6 մլն դոլարով մասնակցում է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին` Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում։

«Ես շնորհակալ եմ թե համայնքի ղեկավարությանը, թե կառավարությանը, թե Համաշխարհային բանկին, թե «Ազնավուր» հիմնադրամին ու մեր բոլոր գործընկերներին, որոնք արել են ամեն ինչ, որպեսզի այս նախագիծն իրականանա: Ես վստահ եմ, որ այգին կդառնա Գյումրիի ամենասիրված վայրերից մեկը: Սա հավակնոտ նախագիծ է, որը ժամանակ, աշխատանք ու ներդրումներ է պահանջում: Ուստի, եկեք այնպես անենք, որ այս այգին իսկապես օրինակ դառնա աշխարհի համար, ոչ միայն Հայաստանի ու Գյումրիի»,- ասել է «Քաղաքաշինության և զբոսաշրջության» (ТUF) բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

Վերականգնված Բարեկամության այգին ոչ միայն կխթանի Գյումրիի զբոսաշրջային աճը, այլև կզարգացնի քաղաքի ենթակառուցվածքները՝ կամուրջ հանդիսանալով Գյումրիի պատմական կենտրոնի՝ Կումայրիի, և արդյունաբերական ու բնակելի թաղամասերի միջև:

«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը 2020 թ. հուլիսից ստանձնել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերը (Գյումրի, Դիլիջան, Տաթև, Արցախ և Երևան)։ Հիմնադրամը մշակում է զբոսաշրջային և քաղաքաշինական նորարար ծրագրեր, խթանում տարածքային կայուն զարգացումը ու դիրքավորում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա՝ որպես մրցունակ զբոսաշրջային երկիր։

 Ուշագրավ
Նա տեղեկացրել է նաև, որ կորոնավիրուսի հետևանքով հոսպիտալացված 2009 քաղաքացիներից 102-ն են պատվաստված
Լեհաստանի դեսպանությունը բարձր է գնահատում ՀՀ առողջապահության նախարարություն հետ գործակցութունը
Հույս ունենք, որ առաջիկա 1 շաբաթում այդ տվյալները նույնպես կնվազեն»,– նշել է Ավանեսյանը
---