Տոնոյանի փաստաբանները պահանջում են մասնակցել մատակարարված զենքի որակի փորձաքննությանը

Տոնոյանի փաստաբանները պահանջում են մասնակցել մատակարարված զենքի որակի փորձաքննությանը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարել է, որ պահանջելու է իրենց մասնակից դարձնել ՀՀ զինված ուժերի համար մատակարարված զենք-զինամթերքի որակական հատկանիշների բուն փորձաքննության կատարմանը։

Փաստաբանական խմբի տարածած հայտարարության մեջ ասվում է․ «Ինչպես արդեն հաղորդվել է, փաստաբանական խումբը բոլորովին վերջերս է տեղեկացել, որ 2021թ. հուլիսին նշանակված փորձաքննությունն անկատար է թողնվել: Փորձաքննության անկատար թողնելն էլ ավելի է խորացնում փաստաբանական խմբի մտահոգությունները առ այն, որ քննությունը կրում է խիստ սուբյեկտիվ բնույթ և ԱԱԾ-ն խուսափում է դրա իրականացումից, քանի որ արդեն գիտակցում է, որ հայտնվել է փակուղում։

Պնդում ենք, որ անկատար փորձաքննության պայմաններում պարոն Տոնոյանին մեղադրանքների ներկայացումը և նրա կալանավորումը բացարձակապես հիմնազուրկ են»:

Նշվում է, որ պաշտպանության կողմը իրավունք ունի ծանոթանալ նշանակված նոր փորձաքննության որոշմանը և դրա վերաբերյալ անել միջնորդություններ, որոնցից մեկով պահանջելու են իրենց մասնակից դարձնել բուն փորձաքննության կատարմանը:

«Դավիթ Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական փորձաքննության արդյունքները փաստարկված և անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» և «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին», - ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում է, որ պաշտոնից ազատվելուց հետո Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և միջպետական հարաբերությունների շահերը: «Այսօր ևս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից և տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում էր նաև, որ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---