Առաջարկ. Պատասխանատվություն՝ ԶԼՄ-ում անանուն աղբյուրին հղման համար

Առաջարկ. Պատասխանատվություն՝ ԶԼՄ-ում անանուն աղբյուրին հղման համար

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում քննարկվել և հավանություն է ստացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած ԶԼՄ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկում են պատասխանատվություն սահմանել ԶԼՄ-ների համար, եթե չնույնականացվող աղբյուրի միջոցով վիրավորանք ու զրպարտություն են տարածել:

Մյուս փոփոխությունն այն է, որ չնույնականացված (անանուն) աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկատվությունը տարածելու դեպքում լրատվամիջոցները չեն ազատվելու պատասխանատվությունից, գրում է «Հետքը»։

Չնույնականացվող աղբյուր հասկացությունը բնորոշվում է որպես համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ, կամ ալիք, կամ էջ, որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են կամ ակնհայտ կեղծ են կամ թերի, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել տնօրինողի աղբյուրը։

Փոփոխություններով առաջարկվում է նույնականացման տվյալների առկայությունը սահմանել նաև առցանց տիրույթում գործող ԶԼՄ-ների պարագայում:

Պատգամավորներն առաջարկում են ամրագրել ֆինանսական թափանցիկության պահանջ, այդ հաշվետվության և նույնականացման տվյալների բացակայության դեպքում` ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները կարող են մերժվել: Հովհաննիսյանի խոսքով` նախագիծը քննարկվել է թե ԵԱՀԿ, թե ԵԽ, թե հայաստանյան գործընկերների հետ և նախագիծը լրամշակվել է:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նախագիծը բնորոշել է որպես ԶԼՄ-ների գործունեությունը կաշկանդող և սահմանափակող:

Նույն խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հետաքրքրվել է, թե արդյոք նախագիծը քննարկվել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ, և արդյոք նպատակ չկա չնույնակացվող աղբյուր հասկացության հետ մեկտեղ փակել անանուն աղբյուրի խնդիրը: «Մենք գիտենք, որ անանուն աղբյուրներին հղում անելիս ԶԼՄ-ները ազատված են որևէ պատասխանատվությունից, արդյոք սա չի տանում անանուն աղբյուրները փակելուն»,-հարցրեց նա:

Արթուր Հովհաննիսյանն արձագանքել է` իշխանությունը նման մտադրություն չունի, չեն ցանկանում սահմանափակել անանուն աղբյուրներից օգտվելու ԶԼՄ-ների իրավունքը:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հստակեցրել է` նախագծով անանուն աղբյուրը բացահայտելու որևէ պահանջ չկա` նախագծով առաջարկվում է պայքարել ֆեյքերի տարածած տեղեկությունների դեմ:

«Այս նախագիծը նրա մասին է, որ ֆեյքին հղում տալով՝ դու պատասխանատվությունից չես ազատվելու»,- ասել է նա: Անդրեասյանի խոսքով` այս փոփոխությունները որևէ կերպ չեն կարող բնորոշվել որպես ԶԼՄ-ների գործունեության դեմ քայլ:

Նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռևս նախորդ գումարման ժամանակ: Հեղինակներն են Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Սարգիս Խանդանյանը, Թագուհի Ղազարյանը, առաջին երեքը նախկին լրագրողներն են: Նախագիծը ներկայացրեց Արթուր Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---