Թաներ Աքչամը կոչ է արել Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ վերականգնել հարգանքն ԱՄՆ-ի հանդեպ

PanARMENIAN.Net - Թուրք պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխատությունների հեղինակ Թաներ Աքչամն ելույթ է ունեցել Քլարկի համալսարանում` «Առերեսում պատմության հետ` ուրացումը եւ Թուրքիայի ազգային անվտանգության հայեցակարգը» դասախոսությամբ: Ելույթում թուրք պատմաբանը հստակ ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Անդրադառնալով նրան, որ ԱՄՆ Կոնգրեսն ու նախորդ նախագահները խուսափել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց` Թաներ Աքչամը հայտարարել է. «Սա թատերականացված ներկայացում է, գուցե, կատակերգություն, որին ամեն տարի մասնակցում են այդ հակամարտության բոլոր կողմերը: Ժամանակն է վերջակետ դնել այդ անազնիվ խաղին«,-հայտարարել է Աքչամը:



Ըստ թուրք պատմաբանի, բոլոր կողմերը, որ ներգրավված են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մեջ, հիանալի գիտեն, թե ինչ են մտածում Կոնգրեսն ու ԱՄՆ նախագահը 1915 թվականի իրադարձությունների մասին: «Ընդ որում Թուրքիան խնդրում է Վաշինգտոնին ճշմարտությունն չասել: Այդ սուտը ոչ միայն արգելափակում է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդգրկումը ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում, այլ նաեւ թույլ չի տալիս, որ բանավեճ ծավալվի Կոնգրեսում այդ հարցի շուրջ»-ընդգծել է Թաներ Աքչամն իր ելույթում: Նա հատկապես կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից: «Եթե Վաշինգտոնը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա ԱՄՆ-ն ոչ միայն կվերականգնի իր հանդեպ հարգանքը, այլ նաեւ կազատի հայերին, թուրքերին եւ հենց իրեն այդ գործընթացից»,-նշել է թուրք գիտնականը: Նա ավարտել է իր ելույթը խորհուրդ տալով Բարաք Օբամային հավատարիմ մնալ ճշմարտությանը: «Ես հավատում եմ, որ մենք նոր դարաշրջան ենք մուտք գործում, որտեղ քաղաքական նպատակահարմարությունն ու բարոյականությունը չեն բացառում միմյանց: ԱՄՆ նախագահը պետք է վերջակետ դնի չարչրկված խնդրին` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»,-նշել է Թաներ Աքչամը, հաղորդում է The Armenian Weekly-ն:



2008 թվականին Թաներ Աքչամը նշանակվել է Մասաչուսեթս նահանգի Քլարքի համալսարանի ցեղասպանությունների եւ Հոլոքոսթի հետազոտությունների կենտրոնի ղեկավար: Նա արտագաղթել է Թուրքիայից 1978թ., դառնալով առաջին քաղաքական էմիգրանտը: Նա ԱՄՆ է տեղափոխվել եւ մինչեւ 2002 թվականը դասավանդել է Մինեսոթայի համալսարանի պատմական բաժնում: Վերջին անգամ նա Թուրքիա է այցելել 2007 թվականին, իր մոտ ընկեր, հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---