Նոյեմբերի 1-ից հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է

Նոյեմբերի 1-ից հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարի 2020-ի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, նոյեմբերի 1-ից դիմակի կրումը պարտադիր է նաև բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում:

Հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու պայմաններն են.

• Տարիքը՝ 0-5 տարեկանը ներառյալ,

• ՀՀ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողներ և միջոցառման անմիջական մասնակիցներ (բացառությամբ լրագրողների և սպասարկող անձնակազմի).

• Քրոնիկ շնչառական հիվանդությունների առկայություն՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարությունը՝ պայմանով, որ նշված անձինք իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ,

• ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելը.

• բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությունը,

• հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելը,

• հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնելը,

• խուլ-համրությունը (խլությամբ տառապող անձինք, որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը),

• հոգեկան խանգարումները և վարքի խանգարումները,

• կոգնիտիվ խանգարումները,

• դեմքի վնասվածքը կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտությունը.

• ծխելը, խմելը և սնվելը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում լարված գնահատելով համաճարակային վիճակը, հայտարարել էր, որ չի բացառում, որ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր դառնա։ «Չնայած լարված վիճակին, չպետք է լոքդաունի գնանք, բայց խստացումներ կլինեն, պետք է դիմակների կրման ռեժիմը խստացնենք»,-ասել էր նա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---