ՀՀ-ն հունվարի 1-ից այլևս չի օգտվի GSP+ առևտրային արտոնյալ ռեժիմից

ՀՀ-ն հունվարի 1-ից այլևս չի օգտվի GSP+ առևտրային արտոնյալ ռեժիմից

PanARMENIAN.Net - 2022-ի հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու ԵՄ կողմից տրամադրվող GSP+ առևտրային արտոնյալ ռեժիմից, տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարությունը։

ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը» (GSP+) մաքսային արտոնությունների համակարգ է, որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն էր տալիս ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

ՀՀ-ն օգտվում էր համակարգից 2009-ի հունվարի 1-ից։

2014-ի հունվարի 1-ից Եվրոպական հանձնաժողովի որոշմամբ՝ 978/2012 ԵՄ կանոնակարգի հիման վրա ՀՀ-ն ընդգրկվել է ԵՄ վերանայված «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմի նոր փուլում, որից օգտվելու նախապայման է հանդիսանում մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, բնապահպանությանը և արդյունավետ կառավարմանն առնչվող 27 միջազգային կոնվենցիաների արդյունավետ իրականացման ընթացքը:

Նշված ԵՄ կանոնակարգում ամրագրված դրույթների համաձայն՝ երկիրը դուրս է գալիս համակարգի շահառուների ցանկից, եթե Համաշխարհային բանկի կողմից 3 հաջորդական տարի անընդմեջ դասակարգվել է որպես բարձր եկամուտ կամ միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն։ Միևնույն ժամանակ, համաձայն կանոնակարգի, երկրին տրվում է 1 տարի անցումային ժամանակահատված, որի ընթացքում երկիրը շարունակում է օգտվել արտոնյալ առևտրային ռեժիմից:

ՀՀ-ն 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն՝ ՀՆԱ մեկ շնչի հաշվով։ 2021թ․Հայաստանն օգտվել է անցումային ժամանակահատվածից, և 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։

Հետևաբար, 2022թ. հունվարի 1-ից ԵՄ երկրներ արտահանումներ իրականացնելիս չի կիրառվելու նաև ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակում գործող ապրանքների ծագման հավաստագրման «Գրանցված արտահանողների համակարգը» (REX)։

Նշվում է, որ ՀՀ-ից արտահանվող հայկական ծագում ունեցող ապրանքների համար տրամադրվող առևտրային այլ ռեժիմներ կան։ Հայաստանին Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP) օգտվելու հնարավորություն են տրամադրում որոշ զարգացած երկրներ, մասնավորապես՝ ԱՄՆ, Կանադան, Շվեյցարիան, Ճապոնիան և Նորվեգիան:

Հայաստանն ունի ազատ առևտրի ռեժիմ նաև Ուկրաինայի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Մոլդովայի և Վրաստանի հետ: Նշված երկրների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն ազատ առևտրի ռեժիմից հանումներ չի կիրառում, միաժամանակ Ազատ առևտրի համաձայնագրի մասնակից պետությունները հայկական ապրանքների նկատմամբ չեն կիրառում որևէ հանում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---