ՄԻՊ․ Քրոնիկ խնդիրների պատճառով հոգեբուժարաններում խախտվում են մարդու իրավունքները

ՄԻՊ․ Քրոնիկ խնդիրների պատճառով հոգեբուժարաններում խախտվում են մարդու իրավունքները

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ փաստաբանների, դատավորների, ՀԿ-ների մասնակցությամբ քննարկման ժամանակ նշվել է, որ քրոնիկ խնդիրների պատճառով հոգեբուժարաններում խախտվում են մարդու իրավունքները։

Օմբուդսմեն Արման Թաթոյանն աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման կողմից կազմակերպված «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովումն ազատությունից զրկման վայրերում» խորագրով կլոր սեղան քննարկմանն ժամանակ ասել է, որ հոգեբուժարաններում համակարգային խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում. մեծ առաջընթաց չկա նաև այդ ոլորտին առնչվող ՄԻՊ արտահերթ զեկույցի հրապարակումից հետո: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Միջոցառման ընթացքում քննարկվել են հոգեբուժական կազմակերպություններում անձանց հոժարակամ կամ ոչ հոժարակամ բուժման գործընթացի խնդիրները և դատական պրակտիկան, անգործունակ անձանց իրավունքների հիմնախնդիրները, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում հոգեբուժական օգնության և սպասարկման հետ կապված հարցերը:

Արման Թաթոյանը շեշտել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ մեր հասարակության լիարժեք անդամ են։ «Խտրականությունը ու կարծրատիպերը նրանց մեկուսացած են պահում հասարակությունից, իսկ իրավունքներն ինքնուրույն պաշտպանելու դժվարությունները կամ անկարողությունն ավելի են խորացնում նրանց խնդիրները:

Քրոնիկ խնդիրներ ունի հոգեբուժարաններում մարդկանց իրավունքների ապահովումը: Չկան անհրաժեշտ համայնքահեն ծառայություններ, թերի են կառավարումն ու վերահսկողությունը, անհիմն ձգձգվում են դատական գործընթացները ու մարդկանց դնում երկարատև քաշքշուկների մեջ, չկա գործառույթների հստակ տարանջատում և այլն»,-ասվում է գրառման մեջ:

Արման Թաթոյանը, այս ամենին զուգահեռ, նշել է, որ գնահատված չէ հոգեկան առողջության ոլորտի աշխատանքը:

Բավարար չէ մասնագետների քանակը, խիստ թերի են մասնագիտական վերապատրաստումները, ինչը թույլ չի տալիս ոլորտը զարգացնել միջազգային պահանջներին համահունչ:

«Անընդունելի են հոգեբուժարաններում կամ այլ հատուկ հաստատություններում աշխատանքային պայմանները, ցածր է աշխատողների սոցիալական երաշխիքների մակարդակը: Այս ամենն էլ անմիջական բացասական ազդեցություն է ունենում մարդու հոգեկան առողջության և մատուցվող ծառայությունների որակի վրա: Իսկ գործնականում էլ շատ են դեպքերը, երբ հարցերը լուծվում են ոչ թե պետական քաղաքականության, այլ մասնագետների անձնական ջանքերով ու նրանց անձնական բարեխղճության շնորհիվ»,-ասվում է հայտարարության մեջ:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների երաշխավորման գործում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ոչ միայն իրավասու պետական մարմինների և կազմակերպությունների, այլև քաղաքացիական հասարակության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---