Աշոտ Քոչարյան. Հայ-հնդկական հարաբերությունները դինամիկ եւ կայուն կերպով զարգանում են

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը Նյու Դելիի Ջավահարլար Ներուի անվան համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հանդիպում է ունեցել պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ:



Համալսարանի փոխռեկտոր, պրոֆեսոր Ռամադհիկարի Կումարը եւ ֆակուլտետի միջազգային հետազոտությունների ամբիոնի վարիչ տիկին Չեննոյն իրենց ողջույնի խոսքում բարձր են գնահատել Հայաստանի դեսպանի` դասախոսությամբ հանդես գալու պատրաստակամությունը` նշելով, որ դա թույլ կտա իրենց ուսանողներին, մասնավորապես կովկասյան տարածաշրջանի հետազոտություններով զբաղվող երիտասարդ գիտնականներին, հարստացնել գիտելիքները Հայաստանի արտաքին քաղաքականության մասին:



Դասախոսության ընթացքում Աշոտ Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի պատմական զարգացման ընթացքը, արտաքին քաղաքականության ուղղություններն ու գերակայությունները: Դեսպանը բարձր է գնահատել բարեկամության եւ փոխվստահության վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունները:



Անդրադառնալով հայ-հնդկական համագործակցության ներկա վիճակին` նա կարեւորել է երկկողմ հարաբերությունների դինամիկ եւ կայուն զարգացումը, տնտեսական փոխգործակցության խորացումը, կրթության եւ մշակույթի ոլորտներում կապերի սերտացումը:



Այնուհետեւ դեսպանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացին, ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին, Հայաստան-ԵՄ համագործակցությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---