ՊՆ փոխղեկավար․ Սահմանին չկրակելու հրաման չի տրվել

ՊՆ փոխղեկավար․ Սահմանին չկրակելու հրաման չի տրվել

PanARMENIAN.Net - Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ սահմանին չկրակելու հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել։

Ընդդիմադիր պատգամավորի մոտ նման հարց էր առաջացել խորհրդարանի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հակասական հայտարարությունների ֆոնին, գրում է «Ազատությունը»։

Նախ մայիսի 20-ին Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ։ Ապա ավելի ուշ նոյեմբերյան բախումների ժամանակ ասել էր, որ չկրակելու հրաման տալը դավաճանություն է։

Նա հարցրել է, թե այդ դեպքում ժամանակին ինչո՞ւ էր բնական համարվում սահմանին կրակելու փոխարեն ծեծկռտուքի մեջ մտնելը. «Ոչ թե կրակոց են արձակել, ոչ թե կրակելով են պաշտպանել սահմանը, այլ ուղղակի ծեծկռտուքի միջոցով փորձել են կասեցնել թշնամու առաջխաղացումը»:

«Ուսումնասիրություններ այդ առումով իրականացվում են», - ասել է փոխնախարարը:

«Հրաման չեն տվել վարչապետից սկսած, մինչև պաշտպանության նախարար ու Գլխավոր շտաբի պետ, կարող էին մեկ օրվա, մեկ վայրկյանի ընթացքում այս հարցը կարգավորել և ոչ թե թույլ տալ ամբողջ առաջնագծով բանակը փայտով ադրբեջանցիների հետ մտներ ձեռնամարտի, հիմա էլ դավաճաններ հռչակել», - ասել է ընդդիմադիր պատգամավորը:

Նիստից հետո լրագրողների հարցերին փոխնախարարը խուսափել է պատասխանել։ Փոխարենը մի քանի րոպե շարունակ բացատրում էր, թե շտապում է և չի հասցնի հերքել կամ հաստատել սահմանից եկող լուրերը, թե Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերը հետ են քաշվել։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկությունը չի հաստատել, բայց մեծ վստահությամբ պնդել է, որ այլ ուղղություններով ևս Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ քաշվեն։

«Հայաստանի ինքնիշխան տարածքում այլ երկրից զինված ուժեր առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության չեն կարող լինել, դա միջազգային իրավունքի պարտադրանք է...Մենք էլ էինք շատ տեղեր մտել և դուրս չէինք գալիս... Փոխվում է տարածաշրջանը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
---