ՏԿԵ փոխնախարար. Այժմ քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու գործընթացը

ՏԿԵ փոխնախարար. Այժմ քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու գործընթացը

PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից երկաթգիծ կառուցման վերաբերյալ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկություններին, ասել է, որ այդպիսի տեղեկություն չունի։

«Այս փուլում քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու գործընթացները, որևէ հստակություն դեռ չկա»,- ասել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը։

Ըստ նրա, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նշվում է, որ պետք է տեղի ունենա տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ 4 կետով նախանշվել են այն մեխանիզմները, որոնց հիման վրա պետք է այդ ամենն առաջարկվի։

«Այսինքն՝ ստեղծվում է եռակողմ աշխատանքային խումբ ամեն կողմի փոխվարչապետերի գլխավորությամբ, և ուսումնասիրվում են տարբեր երթուղիներ: Հունվարի 11-ի հայտարարության մեջ նշված է՝ որպես առաջնահերթություն դիտարկվում է երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիները»,-ասել է նա։

Սիմոնյանը հավելել է, որ երկաթուղու մասով ուղղությունները պարզ են. «Մեկը Երասխից դեպի Նախիջևան գնացող ուղղությունն է, մյուսը հարավային հատվածով անցնող ուղղությունն է, մեկ այլ ուղղություն՝ Հրազդանից Իջևանով դեպի Ադրբեջան, ունենք ուղղություն, որն այսօր գործում է՝ Վրաստանի տարածքով է, և ևս մեկն ունենք, որը գնում է դեպի Թուրքիա։ Կոնկրետ Ադրբեջանի հետ մենք ունենք Երասխի, Հրազդանի և Մեղրիի հատվածով անցնող ուղղությունները։ Այս փուլում քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու գործընթացները, որևէ հստակություն դեռ չկա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ խոսքը տարանցիկ փոխադրումների մասին է:

«Ադրբեջանի տարածքով մենք կապ ենք ստանալու Ռուսաստանի հետ՝ երկաթուղային և ավտոմոբիլային, Նախիջևանի տարածքով Իրանի հետ: Սրանք են հիմնական ուղղությունները, որոնք հնարավոր է այս պարագայում ապաշրջափակել»,- ասել է ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատության» եթերում հայտարարել է, որ փոխվարչապետների մոսկովյան հանդիպմանը «չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել»։

«Եթե չեն կարողանում առաջ շարժվել, ուրեմն Ադրբեջանը կոնստրուկտիվ չի եղել»,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք համաձայնության չգալու պատճառը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք ստանալու Ադրբեջանի պնդումն է։։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---