ՀՀ-ում գրիպի ծանր տեսակի 12 դեպք կա, հիվանդներից 5-ը հղի են

ՀՀ-ում գրիպի ծանր տեսակի 12 դեպք կա, հիվանդներից 5-ը հղի են

PanARMENIAN.Net - Հայաստանում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 12 դեպք, որից 7-ը ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության արդյունքում՝ 0-18 տարեկանների, իսկ 5-ը՝ հղի կանանց շրջանում, որոնք հոսպիտալացվել են, տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։

Հղիներից 1-ը ծննդալուծվել է, այս պահին վիճակը կայուն է, 2-ը դուրս են գրվել, մյուս 2-ի վիճակը բավարար է։

Նշվում է, որ սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ:

Կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում՝ սեզոնային գրիպի կանխարգելումը՝ նշված վարակներով միաժամանակյա հիվանդացման ռիսկերը նվազեցնելու նպատակով:

Նշվում է նաև, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և ռիսկի խմբի բոլոր անձինք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել:

Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Ազգաբնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը հասանելի է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---