Սահակյան․ Գերիների կալանավորումը ՀՀ համար ազգային անվտանգության խնդիր է ստեղծում և կարող է ձգձգել վերադարձը

Սահակյան․ Գերիների կալանավորումը ՀՀ համար ազգային անվտանգության խնդիր է ստեղծում և կարող է ձգձգել վերադարձը

PanARMENIAN.Net - Հայ ռազմագերիների շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, ռազմագերիների իրավուքների պաշտպանությանը նվիրված քննարկմանը, կարծիք է հայտնել, որ դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ին կալանավորելու միջնորդություն ներկայացնելն անպայման բացասական ազդեցություն է ունենալու և բացասաբար է անդրադառնալու ՀՀ ազգային անվտանգության խնդիրների վրա։

Նրա խոսքով՝ սա բարդացնում է գերիների վերադարձի գործընթացը և կարող է ձգձգել այն, գրում է Aysor.am-ը։

«Դրա հիմքով Ադրբեջանն ավելի ինտենսիվ և ավելի ակտիվորեն է հայ ռազմագերիների մոտ փորձելու արմատավորել տպավորությունը, որ Հայաստանը հետաքրքրված չէ իրենցով, որևէ ջանք չի գործադրում իրենց վերադարձնելու ուղղությամբ, հայ ռազմագերիներն ավելի պաշտպանված են Ադրբեջանում, քան՝ Հայաստանում, որովհետև հայրենիքում նրանց կարող են զրկել ազատությունից»,-ասել է նա։

Ըստ Սահակյանի, Ադրբեջանը նաև փորձելու է դրդել հրաժարվել հայրենադարձությունից և հայ ռազմագերիներին ներկայացնել այլ՝ երրորդ երկիր վերադառնալու այլընտրանք։

«Ստացվում է, որ մենք օբյեկտիվ խոչընդոտներ ենք ստեղծում վերադարձի գործընթացում։ Սա նաև բացասաբար է անդրադառնալու ազգային անվտանգության խնդիրների վրա։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները միշտ փորձել են հավաքագրել հայ ռազմագերիներին։ Բացառություն չի կարող լինել նաև այս դրվագով։ Ադրբեջանի այս նպատակն ավելի իրագործելի կլինի, եթե հայ զինծառայողները լինեն ոչ թե Հայաստանում՝ Ազգային անվտանգության ծառայողների ուժեղացված հսկողության ներքո, այլ երրորդ երկրում», - ընդգծել է իրավապաշտպանը։

Դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեցող 5 զինծառայողներից մեկի՝ Ս. Ա.-ի մասով դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը: Այդ մասին ասել է նրա պաշտպան Լևոն Վարդապետյանը, գրում է «Հայկական ժամանակը»։ Մեղադրյալի կարգավիճակ ունեցող զինծառայողներից Ն. Ե.-ն չի կալանավորվի։ Նրա պաշտպան Կարմեն Պողոսյանը հայտնել է, որ ստացել է դատարանի որոշումը, և երեկվանից Ն. Ե.-ն ազատության մեջ է:

Մյուս երեք գերու մասով որոշումները դեռ չեն հրապարակվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---