Վարդանյան. Քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշումը մատուցվել է որպես վերջնական

Վարդանյան. Քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշումը մատուցվել է որպես վերջնական

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը վայր է դնում մանդատը։ Այդ մասին ասվում է նրա հայտարարության մեջ։

Նա նշել է, որ քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշումն ընդունվել է առանց իր մասնակցության և մատուցվել որպես վերջնական:

«․․․Քաղաքապետարանի աշխատավարձերի բարձրացման նախագծին դեմ հանդես գալուց հետո խմբակցության հետ քաղաքապետի հարաբերություններն այլևս առաջվանը չէին: Հազվադեպ էինք հանդիպում նրան, հաճախ՝ ավագանու նիստից նիստ, իրականացվող ծրագրերի մասին երբեմն իմանում Երևանի քաղաքապետարանի կայքից կամ ԶԼՄ-ներից:

Խմբակցության մեր վերջին հանդիպմանը իմ գործընկերներին կրկին ասացի, որ մենք խմբակցությունով չկարողացանք դառնալ այն ուժը, որի հետ քաղաքապետը կհամագործակցեր: Կային մարդիկ, որոնց ամիսներով չէինք տեսնում: Խմբակցության նիստերին հաճախ մասնակցում էին անդամների կեսից էլ պակաս մարդիկ, ավագանու նիստերին` ևս: Քաղաքապետն էլ իր հերթին բավարար ջանք չգործադրեց համայնքի համար կարևորագույն ռեֆորմներն առաջ տանելու հարցում խմբակցության հետ գործընկերային անհրաժեշտ հարաբերությունն ապահովելու և այդ ռեֆորմների մասը դարձնելու համար:

Այս ողջ ընթացքում փորձել եմ երկու կողմի հետ էլ խոսել երկխոսության կարևորության մասին, բայց երևի այնքան էլ լավ չեմ կարողացել տեղ հասցնել ասելիքս, չգիտեմ…

Այս ճգնաժամն այնքան խորացավ, որ այժմ ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նպատակով: Ես հաճախ եմ աջակցել քաղաքապետին իր գործունեության ընթացքում` տեսնելով աշխատասիրություն, համայնքային ամենասուր խնդիրները լուծելու կամք ու հոգատարություն: Այսօր էլ հավատացած եմ, որ իր գործունեության մեջ առաջնորդվել է ազնիվ և համայնքանպաստ մղումներով: Միաժամանակ, հասկանալի է, որ իշխող խմբակցություն-քաղաքապետ խզումն այլևս անցել է անդառնալիության կետը և չի կարող այսպես շարունակվել:

Ճգնաժամի հանգուցալուծման մի քանի տարբերակ էր քննարկվում խմբակցությունում` ներառյալ անվստահություն հայտնելը, որին ես, ի սկզբանե, կտրականապես դեմ եմ արտահայտվել, քանի որ այն համարում եմ ոչ կառուցողական, ցնցումներով լի, համայնքի և երևանցու և մեր հասարակության շահերից չբխող: Սակայն որոշումն ընդունվել է առանց իմ մասնակցության և այն մատուցվել որպես վերջնական»,-ասվում է նրա հայտարարության մեջ:

Գայանե Վարդանյանը դիմում է ներկայացրել ավագանու մանդատը վայր դնելու վերաբերյալ:

Դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---