ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը Փաշինյանի վերջին ասուլիսի գնահատականներն Արցախի համար խիստ վտանգավոր են կոչել

ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը Փաշինյանի վերջին ասուլիսի գնահատականներն Արցախի համար խիստ վտանգավոր են կոչել

PanARMENIAN.Net - ՀՀ և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանը և Գեղամ Ստեփանյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի գնահատականները խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների համար և խոչընդոտում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից պաշտպանությունը։

Նշվում է, որ Հայաստանի վարչապետի՝ 2021թ. դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսի ընթացքում հնչած մոտեցումները հիմնովին հակասում են Արցախի հայերի կյանքի, անվտանգ ապրելու և մյուս կենսական, մարդկային գոյության համար անհրաժեշտ բնական իրավունքներին ու պարարտ հող են ստեղծում ադրբեջանական խախտումների համար: Այդ մոտեցումները ազգային ինքնորոշման բնական իրավունքը վտանգում են հիմնովին:

Նշվում է նաև, որ ՀՀ վարչապետի հրապարակային խոսքերում ամբողջությամբ անտեսված է, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը. սա ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանություն է, որքան ադրբեջանական իրականությունում տարիներով հետևողականորեն կենսագործվող թշնամանքի քաղաքականություն (կրթություն, մշակույթ, սպորտ և այլն): Այն հատկապես ագրեսիվ է Արցախի ժողովրդի նկատմամբ:

Ըստ նրանց՝ ՀՀ վարչապետի խոսքում անտեսված է, որ դեռ 1923 թվականին 95% հայկական բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայաթափմանն ուղղված է եղել ադրբեջանական հետևողական խտրական քաղաքականությունը՝ հետապնդումներով, ունեզրկումներով, վայրագություններով և այլ անօրինական միջոցներով:

«Հայատյացության ու թշնամանքի ադրբեջանական պետական քաղաղաքականությունն է, որ 2020թ. պատերազմի ընթացքում հանգեցրեց Արցախում զանգվածային էթնիկ զտումների՝ թիրախային ավերելով քաղաքներն ու գյուղերը (Ստեփանակերտ, Մարտունի, Շուշի, Հադրութ և այլն), մարդկանց զրկելով իրենց հայրենի տներից, խոշտանգումներով ու դաժանություններով, սպանություններով, եկեղեցիներ պղծելով ու ոչնչացնելով:

Պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողները, ադրբեջանական իշխանությունների հովանահավորչությամբ, ամեն օր շարունակում են Արցախի ժողովրդի կենսական իրավունքների խախտումները՝ խաղաղ բնակիչների սպանությունների, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակոցների, գողությունների, հեռախոսային կենսական կապի խափանումների և ահաբեկչական բնույթի այլ հանցավոր արարքներով: Ամեն օր ոտնահարված է Արցախում ապրող մարդկանց արժանապատվությունը:

ՀՀ վարչապետի գնահատականները համարում ենք խիստ վտանգավոր. դրանք հիմնավորում են քաղաքական հարցերի գերակայությունը մարդու իրավունքների նկատմամբ, ամրացնում են մարդու իրավունքներն անտեսող ադրբեջանական կեղծ թեզերը և ավելի իրական են դարձնում մեր հայրենակիցների իրավունքների խախտումների վտանգները. հենց սրան են տարիներ շարունակ ձգտել ադրբեջանական իշխանությունները»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համար խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց ադրբեջանական իշխանությունների հայտարարած խաղաղասիրությունը կեղծ է, այն միայն հետապնդում է արտաքին աշխարհին այդպիսին ներկայանալու, իրական դեմքը կեղծիքներով քողարկված պահելու նպատակ:

«Բոլորին խստիվ հորդորում ենք դադարեցնել մարդու իրավունքներն անտեսելը, ինչը պարարտ հող է ապահովում ադրբեջանական կեղծ թեզերի համար, բացառել մարդու իրավունքները քաղաքական հարցերին ստորադասելը, ինչպես նաև զերծ մնալ հատկապես միջազգային ատյաններում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության արհեստական խոչընդոտներ ստեղծելուց»,-ասվում է ՀՀ և Արցախի ՄԻՊ-երի համատեղ հայտարարության մեջ։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով դեկտեմբերի 24-ի իր հարցազրույցի որոշ արձագանք-մեկնաբանություններին, դրանք առնվազն տարակուսելի էր համարել։ Դրան հաջորդել է նրա մյուս պարզաբանումը։

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը: ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված ասուլիսի շրջանակում վարչապետը պատասխանել է մի քանի տասնյակ հարցերի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---