ՊԵԿ աշխատակիցներն ավելի քան 1,700,000 դրամ կաշառք են ստացել

ՊԵԿ աշխատակիցներն ավելի քան 1,700,000 դրամ կաշառք են ստացել

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող բազմաթիվ տնտեսվարողներից տարբեր չափերով, ընդհանուր` ավելի քան 1,700,000 դրամ կաշառք ստանալու դեպքեր:

9 անձի, այդ թվում` ՊԵԿ աշխատակիցների, մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության համար, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ավագ օպերլիազոր Գագիկ Հակոբյանը Երևանի տարբեր վայրերում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարողների մոտ իրականացրած ստուգումների ընթացքում հարկային օրենսդրության ոլորտում հնարավոր խախտումները չարձանագրելու, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չիրականացնելու, ինչպես նաև թույլ տրված խախտումներին օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու դիմաց հիշյալ տնտեսվարողներից ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդի միջոցով 2021-ի մարտից սեպտեմբեր յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 100,000-ից 300,000 դրամ կաշառք։

Բացի այդ, Գագիկ Հակոբյանը մեկ այլ ընկերությունում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամանակ, նախնական համաձայնության գալով իր անմիջական ղեկավարի` ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժնի պետ Գագիկ Կարապետյանի և գլխավոր օպերլիազոր Արամ Աղաջանյանի հետ, ընկերության հիմնադրից պահանջել և 2021թ. հոկտեմբերին ստացել է 1,000,000 դրամ կաշառք:

Տնտեսվարողներից տարբեր չափերով կաշառք ստանալու համար Գագիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Գագիկ Կարապետյանին և Արամ Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Կաշառքի միջնորդության համար մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՊԵԿ պաշտոնատար անձանց կաշառք տալու համար 5 անձի մեղադրանք է առաջադրվել 312-րդ հոդվածի տարբեր մասերով:

Կաշառք ստացած ՊԵԿ աշխատակիցների, ինչպես նաև նրանց կաշառք տված ու կաշառքի միջնորդություն կատարած 6 անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---