«Շանթ դաշինք»․ Փաշինյանը հարվածի տակ է դնում ՀՀ միջազգային հեղինակությունը

«Շանթ դաշինք»․ Փաշինյանը հարվածի տակ է դնում ՀՀ միջազգային հեղինակությունը

PanARMENIAN.Net - «Շանթ Դաշինք» կուսակցությունը հայտարարություն է տարածել` «խստորեն դատապարտելով» ՀԱՊԿ շրջանակում ՀՀ մասնակցությունը Ղազախստանում խաղաղապահ գործընթացին։

Հայտարարության մեջ նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ևս մեկ անգամ հարվածի տակ է դնում Հայաստանի միջազգային հեղինակությունը»:

«2022 թվականի հունվարի 1-ից սկսած Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ցույցերը վերածվել են զանգվածային բախումների ցուցարարների և ուժային կառույցների միջև, որին հաջորդած ՂՀ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ՀԱՊԿ-ին ուղղված բանավոր խնդրանքին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և որպես ՀԱՊԿ Անվտանգության Խորհրդի նախագահ սկսել է քաղաքական կոնսուլտացիաներ ՀԱՊԿ անդամ երկրների հետ՝ այդունքում որոշում է կայացվել օգնության ուղարկել ՀԱՊԿ խաղաղապահ զորքերին. այսպիսով Նիկոլ Փաշինյանը ստանձնում է Կառույցի քաղաքական որոշման ողջ պատասխանատվությունը և ևս մեկ անգամ հարվածի տակ է դնում Հայաստանի միջազգային հեղինակությունը:

«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, ՀՀ պետական, ազգային-անվտանգային շահերի բացակայության պայմաններում, խստորեն դատապարտում է․ - ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի միջամտությունը այլ պետությունների ներքին կոնֆլիկտներին և ներքաղաքական խնդիրներին,

- Ղազախստանում իրականացվող խաղաղապահ գործընթացներում հայկական ուժերի ներգրավվածությունը, որը ոչ այլ ինչ է, քան ռուսական արտաքին քաղաքական շահերի բավարարման հերթական փորձ:

Ամենևին չմոռանալով հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ղազախստանի ընդգծված աջակցությունը Ադրբեջանին՝ ՀՀ ազգային առաջնահերթությունների տեսանկյունից նպատակահարմար չենք գտնում հայ և ղազախ ժողովուրդների միջև արհեստական թշնամանքի սերմանումը, որը հղի է վտանգավոր հետևանքներով. Քանի որ իշխանություններն անցողիկ են, քաղաքական իրադրությունները՝ փոփոխական, իսկ ժողովուրդների միջև հարաբերությունները՝ մնայուն:

«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունն անընդունելի է համարում ժողովուրդների հիմնարար ազատությունների և ազատ կամարտահայտման իրավունքի ոտնահարման ու խոչընդոտման ցանկացած փորձ»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ, գնահատելով իրավիճակը՝ պետք է փաստել, որ Հայաստանն արդարացիորեն ուներ քաղաքական և բարոյական բոլոր հնարավորությունները խուսափելու տեղի ունեցող բոլոր գործընթացներից, որոնք «ոչ մի´ կերպ չեն բխում մեր պետության շահերից, քանզի ամիսներ առաջ Հայաստանի Հանրապետության օգնության դիմումը ՀԱՊԿ-ին, որի լիիրավ անդամն է հանդիսանում նաև Ղազախստանի Հանրապետությունը, մնաց անպատասխան»:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---