Ավագանու անդամ․ Փարաքարում համատեղ կառավարում կլինի

Ավագանու անդամ․ Փարաքարում համատեղ կառավարում կլինի

PanARMENIAN.Net - Փարաքար համայնքում համատեղ կառավարում կիրականացվի: Այդ մասին հայտարարել է «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանու անդամ Գոռ Սարիբեկյանը: Թե ինչպիսին կլինի այդ սխեման, խմբակցությունները կտեղեկացնեն ավելի ուշ։ Նրանք հանդես կգան հայտարարությամբ:

Հունվարի 7-ի առավոտից Փարաքար խոշորացված համայնքի նիստը բացվել էր, սակայն չէր կայանում. օրակարգում համայնքապետի ընտրության հարցն էր, իսկ խմբակցությունները համաձայնության չէին գալիս, գրում է «Առավոտը»։

Նիստը մեկնարկել էր բախումներով, ոստիկանների և քաղաքացիների մեջ տուժածներ կային: Քննարկումների արդյունքում որոշվել է համատեղ կառավարում իրականացնել:

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ: «Ապրելու երկիր» կուսակցությունը 10 ձայնով իրենց թեկնածուին` Վոլոդյա Գրիգորյանին ընտրել էին համայնքի ղեկավար, թեև իրենց ստացած ձայները չեն ապահովում օրենքի պահանջը՝ 50 տոկոսից ավելի ձայների առկայության դեպքում է հնարավոր ընտրել համայնքապետ:

«Ապրելու երկիր» կուսակցությունում պնդում են, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով: Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները և 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաև ՔՊ-ի անդամները:

Դեկտեմբերի 23-ին տեղի էր ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունը։ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով, իսկ Վարչական դատարանն էլ անվավեր է ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---