«Մուրացանը» 1 օրում կենցաղային քիմնյութերից թունավորված 5 երեխա է ընդունել

«Մուրացանը» 1 օրում կենցաղային քիմնյութերից թունավորված 5 երեխա է ընդունել

PanARMENIAN.Net - Մեկ օրում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում գրանցվել է կենցաղային վտանգավոր քիմիական նյութերից թունավորման 5 դեպք: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ դա լուրջ սպառնալիք է դառնում երեխաների առողջության համար և հրավիրելով ծնողների ուշադրությունը։

Նա նշել է, որ եղել են դեպքեր, երբ նույն երեխան տարբեր ժամանակահատվածներում ընդունվել է համալսարանական հիվանդանոց մի քանի անգամ տարբեր նյութերից թունավորված լինելու պատճառով:

Նա նշել է, որ կենցաղային վտանգավոր քիմիական նյութերը, ինչպես նաև դեղերը պետք է պահել փակվող պահարաններում կամ երեխաներին անհասանելի այլ վայրերում։

«Եվս մեկ անգամ խնդրում և հորդորում ենք, կենցաղային վտանգավոր քիմիական նյութերը, ինչպես նաև դեղերը պահել փակվող պահարաններում կամ երեխաներին անհասանելի այլ վայրերում։ Չափազանց ուշադիր լինել վտանգավոր քիմիական նյութերն օգտագործելիս, քանի որ հենց այդ ընթացքում դրանք կարող են երեխաներին հասանելի դառնալ:

Թունավոր նյութերը պահել գործարանային սրվակների և տուփերի մեջ` պահպանելով նախազգուշացնող պիտակները` շփոթությունից խուսափելու համար:

Պահվող քիմիական նյութերից հատկապես վտանգավոր են քայքայող քիմիական նյութերը, օրինակ՝ ամոնիակը, կաուստիկ սոդան (հիմք), թթուները (քացախաթթվային էսենցիան), կրային նստվածք քայքայող որոշ նյութերը, մաքրող, լվացող որոշ հեղուկները, որոնք պարունակում են հիմքեր եւ թթուներ եւ կարող են շատ ծանր վնասվածքներ առաջացնել: Այլ վտանգավոր նյութերից նշվեցին լուծիչներն ու նավթամթերքները, օրինակ՝ լաքերը, նավթալամպերի վառելիքը, բենզինը, կերոսինը:

Կարող են չափազանց վտանգավոր լինել նաեւ դեղերով պայմանավորված թունավորումները: Խիստ վտանգավոր են սրտային և ճնշում կարգավորող դեղերը, քնաբերները, հակադեպրեսանտները, հոգեմետ դեղերը, ցավազրկողները, հակադիաբետիկ դեղերը, կոլխիցինը եւ այլն: Երեխաները հիմնականում հակված են ուտելու քաղցրացված դրաժեները կամ օշարակները և դրանք կարող են ընդունել մեծ քանակներով, որը չափազանց վտանգավոր է»,-ասվում է գրառման մեջ:

Երեխաների նման թունավորումների դեպքում կարելի է արագ դիմել մասնագիտացված միակ` Թունաբանության և մանկական վերակենդանացման համալսարանական կլինիկա, որտեղ կարող են ախտորոշել թունավորումը, գնահատել վտանգի աստիճանը և անհրաժեշտ բուժում իրականացնել:

Նշվում է, որ բարեհաջող ելքը մեծապես պայմանավորված է ժամանակին դիմելով և մասնագիտական օգնություն ցուցաբերելով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---