Մայր Աթոռն ակնկալում է, որ Աշոտ Մինասյանի դատն անաչառության սկզբունքով կիրականացվի

Մայր Աթոռն ակնկալում է, որ Աշոտ Մինասյանի դատն անաչառության սկզբունքով կիրականացվի

PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Սյունյաց թեմի Թեմական Խորհրդի ատենապետ, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին՝ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանի առաջնորդությամբ:

Նորին Սրբությունը, բարձր գնահատանքով անդրադառնալով Մինասյանի հայրենանվեր ու եկեղեցասեր գործունեությանը, միաժամանակ արձանագրել է, որ Եկեղեցին զերծ է մնում իրավական գործընթացներին միջամտություններից։ Մայր Աթոռի սպասումն է, որ դատավարական գործընթացները իրականացվեն անաչառության ու բազմակողմանիության սկզբունքներով և նկատի առնվի նրա առողջական վիճակը: Նորին Սրբությունը նաև գնահատանք է հայտնել Պաշտպանության խորհրդին իրենց մարդասիրական նախաձեռնության համար։

Խորհրդի ներկայացուցիչները Նորին Սրբությանը ներկայացրել են կալանքի մեջ գտնվող Աշոտ Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման իրավական գործընթացների մանրամասները՝ մտահոգություն հայտնելով նրա առողջական վիճակի և կալանքի մեջ գտնվելու անհամատեղելիության առնչությամբ:

Հանդիպմանը կաթողիկոսն անդրադարձ է կատարել երկրի առջև ծառացած մարտահրավերներին և տիրող իրավիճակին՝ աղոթելով, որ Տիրոջ օրհնությամբ ու համազգային ջանքերով հաղթահարվեն ժողովրդին հուզող խնդիրները։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի, որն առավել հայտնի է որպես «Աշոտ Երկաթ», պաշտպանության խորհուրդ է ստեղծվել։

Խորհրդի կազմում ընդգրկված են քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներ՝ ընդհանուր 19 մարդ։ Նրանք համարում են, որ Մինասյանի նկատմամաբ հետապնդումներն ապօրինի են, ինչպես նաև նրա խափանման միջոց կալանքը։

Աշոտ Մինասյանը կալանավորվել է դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի որոշմամբ։ Ավելի վաղ ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքը` Աշոտ Մինասյանի խափանման միջոցը կալանքի փոխելու հիմքերի մասով նոր քննություն անցկացնելու համար։ Նրան դեռևս 2020թ․ նոյեմբերին իշխանության յուրացման և վարչապետի սպանության նախապատրաստման մեղադրանք էր առաջադրվել, ի թիվս մի շարք այլ գործիչների, իսկ կալանավորման միջնորդությունները մերժվել էին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---