Ֆրանսիան կարող է աջակցել ՀՀ-ին երկաթուղային ծրագրերի շրջանակում

Ֆրանսիան կարող է աջակցել ՀՀ-ին երկաթուղային ծրագրերի շրջանակում

PanARMENIAN.Net - Զարգացման ֆրանսիական գործակալությունը կարող է աջակցություն ցուցաբերել երկաթուղային ծրագրերի շրջանակում և նաև Ֆրանսիայի կառավարությունը կարող է աջակցություն տրամադրել ծրագրերի իրականացման համար: Այդ մասին Վրաստանում և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունների տնտեսական հարցերով կցորդ Ֆրանսուա-Անրի Կլոարեկն ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ հանդիպմանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև տնտեսական հարցերով օգնական Թոմա Մենորեն։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկաթուղային ընթացիկ նախագծերի և այդ ոլորտում համագործակցության հեռանկարները։

Փոխնախարարը հետաքրքրվել է, թե փոխգործակցության խորացման ինչ ուղղություններ, հետաքրքրություններ և հեռանկարներ է տեսնում ֆրանսիական կողմը՝ նշելով, որ կան մի քանի ուղղություններ, որոնք ֆրանսիական կողմի հետաքրքրության դեպքում կարող են քննարկել:

Ֆրանսուա-Անրի Կլոարեկը նշել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը կարող է աջակցություն ցուցաբերել երկաթուղային ծրագրերի շրջանակում: Ֆրանսիական կողմը հավաստիացրել է, որ իրենց համար կարևոր է ծրագրեր իրականացնել Հայաստանում և երկաթուղային ծրագրերն իրենց առաջնահերթությունների մաս են կազմում: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկաթուղային տրանսպորտի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ավելի վաղ Ֆրանսիայում ՀՀ նախկին դեսպան Ժոնաթան Լաթոքը հայտարարել էր, որ Ֆրանսիան բյուջետային օժանդակության մասով պատրաստ է տրամադրել 50-ից 100 միլիոն եվրոյի չափով փոխառություն։ «Ինչ վերաբերում է երկաթուղային ոլորտին, մտածում ենք, մասնավորապես, մի ծրագրի մասին, որով գնացքով կկապվեն Երևանը, «Զվարթնոց» օդանավակայանը, Էջմիածինն ու Արմավիրը։ Եվ, իհարկե, մենք պատրաստ ենք նաև դիտարկել տարածաշրջանային երկաթուղային ծրագրեր»,-ասել էր նա։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---