Պուտինը Պեկինում է․ Չինաստանը սատարում է ՌԴ անվտանգության վերաբերյալ առաջարկներին

Պուտինը Պեկինում է․ Չինաստանը սատարում է ՌԴ անվտանգության վերաբերյալ առաջարկներին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում է՝ նա մասնակցում է Օլիմպիադայի բացման արարողությանը։ Մինչ ստադիոն ուղևորվելը Պուտինը հանդիպում է ունեցել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ, որի արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել։

Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ Չինաստանն «ըմբռնումով է մոտենում և սատարում է ՌԴ առաջարկներին, որոնք ուղղված են Եվրոպայում անվտանգության երկարատև և իրավաբանորեն պարտադրող երաշխիքների ձևավորմանը», գրում է Meduza-ն։

Հայտարարության մեջ նաև հանդիմանություն կա ԱՄՆ հասցեին, որը, ինչպես նշվում է փաստաթղթում, զարգացնում է ՀՀՊ գլոբալ համակարգը, դուրս է գալիս միջազգային համաձայնագրերից և բացասաբար է ազդում քաղաքականության կայունության վրա եվրատլանտյան և խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում։

Ռուսաստանն ու Չինաստանը նշել են, որ հավատարիմ են ժողովրդավարության սկզբունքներին, սակայն, նշել են, որ մարդու իրավունքների պաշտպանությունը չպետք է օգտագործվի որպես «այլ երկրների վրա ճնշում գործադրելու լծակ», ինչպես նաև դեմ են արտահայտվել ժողովրդավարության քողի տակ ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելուն։

Պուտինն ու Ծինփինը նաև պայմանավորվել են «պաշտպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների անխախտելիությունը և դիմակայել դրա պատմության ժխտմանը, խեղաթյուրմանը կամ կեղծմանը»։

Ռուսաստանը պահանջել էր ՆԱՏՕ-ից չընդլայնվել դեպի արևելք և չընդունել Ուկրաինային դաշինքի կազմում։ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատասխանել են անվտանգության երաշխիքների մասին ՌԴ առաջարկներին՝ դաշինքի ընդլայնումից չեն հրաժարվելու։

Վերջին անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եղել էր Չինաստանում 2019-ին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---