Մոլդովան չի միանա ՌԴ դեմ պատժամիջոցներին

Մոլդովան չի միանա ՌԴ դեմ պատժամիջոցներին

PanARMENIAN.Net - Մոլդովան չի միանա ՌԴ դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին։ Այդ մասին հայտարարել է Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուն։

Նա հիշեցրել է, որ 2014-ից ի վեր երկիրը չի միանում ՌԴ դեմ պատժամիջոցներին և այս փուլում ևս մտադիր է հավատարիմ մնալ այդ մոտեցմանը։ ԱԳՆ ղեկավարը նշել է նաև, որ ՌԴ դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշում կայացնելը հեշտ չէ նույնիսկ «Մոլդովայից ավելի ուժեղ և բարգավաճ երկրների» համար, գրում է Sputnik Արմենիան։

Ըստ Պոպեսկուի, նման որոշում է կայացվել՝ ելնելով տնտեսական նկատառումներից, քանի որ Մոլդովայի տնտեսությունը չափազանց մեծ կախվածություն ունի ՌԴ հետ կապերից, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել նաև ՌԴ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև լրագրողների, գործարարների դեմ, այդ թվում՝ հայազգի ռեժիսոր Տիգրան Քյոսայանի և լրագրող Ռոման Բաբայանի դեմ։

Պատժամիջոցների ենթակա անձանց թվում է նաև Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը։

Պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոյի, «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի, «Տրանսնեֆտի» ղեկավար Նիկոլայ Տոկարևի, «Պրոմսոյազբանկի» ղեկավար Պյոտր Ֆրադկովի և այլոց նկատմամբ։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---