2 մարտի 2022 - 17:26 AMT
ԱՆ․ Դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվում է

Փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվել է, ինչը պայմանավորված է Հայաստանում Covid-19-ի համաճարակային իրավիճակի՝ «կայուն» գնահատմամբ:

Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում:

«Փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Այլ փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ` ըստ անհրաժեշտության: Փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- ասվում է հայտարարության մեջ։

Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 11,775 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (37,459 դեպք) նվազել է 69 %-ով: Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 18.1%` նախորդ 37.9%-ի փոխարեն:

Նշվում է, որ սահմանափակումների վերաբերյալ առողջապահության նախարարության որոշումները բխում են համաճարակաբանական իրավիճակից և դրանով պայմանավորված` կրկին կարող են վերանայվել: