Աղաջանյան․ Բոլոր հնարավորությունները կան, որ ցանկացողներն Ուկրաինայից ՀՀ վերադառնան

Աղաջանյան․ Բոլոր հնարավորությունները կան, որ ցանկացողներն Ուկրաինայից ՀՀ վերադառնան

PanARMENIAN.Net - Բոլոր հնարավորությունները ստեղծված են, որպեսզի Ուկրաինայում բնակվող հայերը, որոնք ՀՀ վերադառնալու ցանկություն ունեն, հայրենիք գան։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը` անդրադառնալով հայ համայնքի խնդիրներին։

«Բոլոր հնարավորությունները կան, որ արևմտյան կողմից Ուկրաինայի հետ սահմանակից պետությունների միջոցով մեր հայրենակիցները վերադառնան ՀՀ»,–ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունն ակտիվորեն աշխատում է հայ համայնքի հետ, որպեսզի վերջիններիս անվտանգությունն ապահովի։

Դեսպանության աջակցությամբ հայ համայնքի ներկայացուցիչները վտանգավոր տեղերից տարհանվել են, իսկ մեր դեսպանությունն էլ Կիևից Լվով է տեղափոխվել։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---