ՀՀ-ն ևս 306,000 դեղաչափ Pfizer է ստացել

ՀՀ-ն ևս 306,000 դեղաչափ Pfizer է ստացել

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին Հայաստան է հասել Covid-19-ի Pfizer պատվաստանյութի 306,000 դեղաչափ։ Սա ԱՄՆ կառավարության նվիրատվությունն է Հայաստանին Բայդեն-Հարիսի վարչակազմի՝ «Պատվաստանյութերը գլոբալ հասանելի դարձնելու նախաձեռնության» շրջանակում, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Pfizer պատվաստանյութից զատ, ԱՄՆ կառավարությունը Covid-19 համավարակի ազդեցության մեղմացման նպատակով ՀՀ կառավարությանը տրամադրել է ավելի կամ 15 միլիոն դոլարի օժանդակություն, մասնավորապես՝

• 12 հազար ՊՇՌ թեստ, թեստավորման սարքավորումներ, թեստավորման հետ կապված մեկանգամյա օգտագործման պարագաներ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» համար,

• թթվածնի խտացուցիչներ, զարկերակային օքսիմետրեր, ռենտգենային և ուլտրաձայնային սարքավորումներ, օդափոխիչներ, ախտորոշիչ և բուժման ընթացքի համար էական այլ սարքավորումներ բուժհաստատությունների համար,

• անհատական պաշտպանության միջոցներ՝ KN95 տիպի դիմակներ, վիրաբուժական դիմակներ, արտահագուստ, պաշտպանիչ ակնոցներ առաջնային գծի բուժաշխատողների համար,

• ալկոհոլային ու քլորինային հիմքով ախտահանիչներ ու դիսպենսերներ բուժհաստատությունների համար,

• ուսուցում և տեխնիկական աջակցություն COVID-19-ին առնչվող աշխատանքներում ընթացակարգերի ձևավորման, կառավարման, լաբորատոր ու կլինիկական հարցերում ներգրավված անձնակազմի համար, աջակցություն COVID-19 համավարակին արձագանքելու հարցում Ֆրանսիայից բժիշկների 7 հոգանոց խմբի այցի կազմակերպմանն աջակցելու նպատակով,

• աջակցություն ՀՀ կառավարությանը ճգնաժամային հաղորդակցության կազմակերպման, մասնավորապես` համապատասխան նյութերի մշակման, տարածման և հաղորդակցության սարքավորումների ապահովման հարցում,

• հոգեբանական, պարենային և ոչ-պարենային աջակցություն խոցելի անձանց,

• Covid-19-ի հետ կապված տեղեկատվության, այդ թվում՝ ապացույցների վրա հիմնված տեղեկությունների տարածում՝ միտված պատվաստումների խթանմանը։

«Ուրախ ենք մեր փոխգործակցության շրջանակում ապահովել COVID-19-ի պատվաստանյութի այս խմբաքանակի նվիրատվությունը Հայաստանին։ Անվտանգ և արդյունավետ պատվաստանյութը համավարակին վերջ դնելու հարցում խիստ էական է։ Պատվաստված լինելով՝ մենք կրճատում ենք COVID-19-ով վարակվելու և վարակը տարածելու ռիսկը։ Պատվաստված լինելը նաև օգնում է վարակվելու դեպքում խուսափել սուր ընթացքից ու մահվան ելքից», - ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---