ՌԴ-ում արգելափակել են Instagram-ը, Meta-ն էլ արգելել է քաղգործիչներին սպանելու կոչերը

ՌԴ-ում արգելափակել են Instagram-ը, Meta-ն էլ արգելել է քաղգործիչներին սպանելու կոչերը

PanARMENIAN.Net - Մարտի լույս 14-ի գիշերը Ռուսաստանում սկսվել է Instagram սոցցանցի արգելափակումը Ուկրաինայում շարունակվող պատերազմական գործողությունների ֆոնին։ Այդ մասին հայտնել են Netblocks և Global Check ծառայությունները, ինչպես նաև ռուսաստանցի օգտատերերը, գրում է Deutsche Welle-ն։

Ամերիկյան Meta ընկերությանը պատկանող այդ ռեսուրսի արգելափակման մասին «Ռոսկոմնադզորը» հայտարարել էր մարտի 11-ին։

Meta-ին է պատկանում նաև Facebook սոցցանցը, որը նույնպես արգելափակվել է ՌԴ-ում։

Մինչ այդ ընկերությունը հայտարարել է, որ Instagram-ում և Facebook-ում ժամանակավոր մեղմացվում են մոդերացիայի կանոնները և թույլատրվում են բռնության չանձնավորված կոչերը՝ Ուկրաինայում ռուսական զորքերի հասցեին։

«Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով մենք ժամանակավոր թույլատրել ենք քաղաքական ինքնաարտահայտման ձևերը, որոնք սովորական իրավիճակում կխախտեին բռնության կոչերի մեր արգելքը»,-ասել է Meta-ի մամուլի քարտուղար Էնդի Սթոունը։

Որպես օրինակ, թե ինչ տեսակի արտահայտություններ չեն հեռացվի, նա բերել է հետևյալը՝ «մահ ռուս զավթիչներին»։

Մինչդեռ հայտնի դարձավ, որ Meta ընկերությունն արգելել է երկրների ղեկավարներին սպանելու կոչերը Facebook և Instagram սոցցանցերում։ Այդ մասին հայտարարել է Meta ընկերության փոխնախագահ Նիկ Քլեգը, հայտնում է Reuters-ը Քլեգի հայտարարության վրա հղումով, որը հրապարակվել է Meta-ի ներքին ֆորումում։

Քլեգն ընդգծել է նաև, որ ընկերությունն իր հարթակներում չի հանդուրժի ցանկացած ճնշում, «ռուսատյացություն և ցանկացած խտրականություն ռուսաստանցիների դեմ»։

Ավելի վաղ ՌԴ Գլխավոր դատախազությունը պահանջել էր ծայրահեղական կազմակերպություն ճանաչել Meta Platforms Inc.ը, որի կազմում են Facebook-ը, Instagram-ը և WhatsApp մեսենջերը, և արգելել դրանց գործունեությունը Ռուսաստանում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---