Քերոբյան․ Եթե գազի գինը ֆիքսենք ռուբլով՝ մեծ հաջողություն կլինի

Քերոբյան․ Եթե գազի գինը ֆիքսենք ռուբլով՝ մեծ հաջողություն կլինի

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո հայտարարել է, որ եթե գազի գինը ֆիքսենք ռուբլով՝ մեծ հաջողություն կլինի։

Նա նշել է, որ բնական գազի հետ կապված երկու հարց կա. մեկը գնագոյացումն է, մյուսը` վճարման արժույթը, և այստեղ էական տարբերություններ կան, ու եթե գինը ֆիքսվի ռուբլով՝ շատ մեծ հաջողություն կլինի։ Նախարարը հավելել է, որ հայ արտահանողները, ռուբլու ապագա կուրսի նկատմամբ վստահություն չունենալով, չափազանց դժկամ են իրենց արտահանումները ռուբլով գնանշելու առումով, տեղեկացնում է Factor.am-ը։

«Եթե ունենանք ֆիքսված գազի գին ռուբլով, դա հնարավորություն կտա, որպեսզի հակադարձ գործարքներով կարողանանք մեր արտահանողներին տալ ռուբլու ֆիքսված ապագա կուրս։ Օրինակ` այսօր ապրանքն արտահանում ենք, վճարումը պետք է ստանանք երկու ամիս հետո, արտահանողի բանկը կկարողանա նրան ասել, որ եթե երկու ամիս հետո դու ստանաս էսքան ռուբլի, մենք դա կփոխարկենք դրամի այսօր արդեն որոշված կուրսով, որը արտահանողներին որոշակի վստահություն կտա»,- նշել է Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ փետրվարին ռուբլու արժեզրկման հետևանքով արտահանողները զգալի կորուստներ են կրել։

Մարտի 23-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ազգային ժողովում ասել է, որ ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման շրջանակում քննարկվում է գազի դիմաց ռուբլով վճարման հնարավորությունը։ Նա նշել էր, որ չի կարող խոստանալ, թե հարցը լուծում կունենա, որովհետև կան օբյեկտիվ պայմաններ, բայց այդ հարցը քննարկվում է նաև հանրային տիրույթում ու ինչ-որ պահի դառնալու է օրակարգային:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---