Հայաստանը կկարողանա հաղթահարել կոմունալ ծառայությունների սակագների բարձրացման հետ կապված դժվարությունները

PanARMENIAN.Net - «Գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով եւ բնականաբար կհանգեցնի թանկացումների նրանց հարակից ոլորտներում, որոնք օգտվում են այդ ռեսուրսներից»,-լրագրողներին է ասել խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը հինգշաբթի կայացած մամլո ասուլիսում: Նրա կարծիքով, այդ թանկացումները կտրուկ չեն եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում մեր հասարակությունը կկարողանա հաղթահարել այդ դժվարությունները:



Բոստանջյանը նշել է, որ ազատ շուկայական տնտեսության պայմաններում յուրաքանչյուր անհատ պարտավոր է վճարել այն բարիքների համար, որոնցից օգտվում է: «Չնայած սակագների բարձրացմանը, յուրաքանչյուր սպառող պետք է օգտագործի հանրային ծառայություններն այն ծավալով, որի համար ի վիճակի է վճարել»,-ասել է նա: Այդ առնչությամբ Բոստանջյանը նշել է, որ հարեւան երկրների սպառողները շատ ավելին են վճարում նման ծառայությունների համար, եւ դա պետք է մեղմացուցիչ գործոն հանդիսանա, իսկ քաղաքացիները պետք է հասկանան, որ ստեղծված իրավիճակում երկրի կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ բնակչության սոցիալական բեռը թեթեւացնելու համար: «Եթե միջոցները թույլ չեն տալիս ողջ ծավալով օգտվել հանրային ծառայություններից, ապա հարկավոր է տնտեսել»,-ասել է նա:



Հանձնաժողովի նախագահի տեղակալը պարզաբանել է, որ հանրային ծառայությունների տրամադրումը կապված է բարդ համակարգերի հետ, որոնց սպասարկման ու շահագործման համար մեծ ծախսեր են պահանջում այդ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ներդրումներ կատարելու համար:



Անդրադառնալով բենզա- եւ գազալցակայանների հարցին` Բոստանջյանը նշել է, որ այդ ոլորտում որոշակի խնդիրներ կան, որոնք պայմանավորված են նրանց սեփականատերերեի սուբյեկտիվ մոտեցմամբ: Այդ կայանների հիմնական խնդիրը սպառողների անբարեխիղճ սպասարկումն է` լիցքավորման ծավալը չի համապատասխանում գանձված գումարին, ինչպես նաեւ վառելիքի անհամապատասխանությունն է որակին: Այս առնչությամբ հանձնաժողովի նախագահն ասել է, որ դա համապատասխան մարմնի անբարեխիղճ աշխատանքի արդյունքն է, որն իրականացնում է այդ օբյեկտների ստուգումն ու արտոնագրումը:



Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը փետրվարի 27-ին հաստատել է հանրային ծառայությունների նոր սակագները, որոնք ուժի մեջ մտան ապրիլի 1-ից:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---