Օհանյան․ Արագ քայլերով պետք է վերականգնել բանակը

Օհանյան․ Արագ քայլերով պետք է  վերականգնել բանակը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ բանակն ունի բոլոր կարողություններն արագ համալրվելու և սահմանում նորմալ իրավիճակ ստեղծելու համար։ Նա հավելել է, որ պետք է արագ քայլեր կատարել բանակի վերականգնման ուղղությամբ և օգտագործել միջազգային երաշխիքները։

«Հայկական բանակը, պաշտպանության բանակն ունեն բոլոր հնարավորությունները, կարողությունները արագ որոշումներ ընդունելու, զինված ուժերն արագ համալրելու և սահմանում նորմալ իրավիճակ ստեղծելու համար։ Դա նշանակում է կամ նրանցից չեն պահանջում, կամ հստակ հրամաններ ՀՀ իշխանությունների կողմից չեն ստացել»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Օհանյանի խոսքով, հայկական բանակն, ի տարբերություն նախկինի, միայնակ ի վիճակի չէ մեր անվտանգությունն ապահովելու, մինչև որ չվերականգնվի։

«Դա նշանակում է, որ միջազգային երաշխիքների օգտագործումն այն ուղղությունն է, գերակա քայլերից մեկն է, որ Հայաստանի իշխանությունները կարող են անել, բայց դրա հետ մեկտեղ պետք է արագ քայլեր կատարեն մեր բանակի վերականգնման ուղղությամբ»,- ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Նա նշել է, որ առանց համապատասխան իրադրության ճիշտ գնահատման, առանց նախապայմանների Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անընդունելի է։

Նա նշել է, որ յուրաքանրյուր պահի պետք է սպասել մարտական գործողությունների, պատերազմի։

«Եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվել պատերազմի։ Իսկ այդ ուղղությամբ այս իշխանությունների կողմից կատարվող քայլերը չափազանց դանդաղ են»,-ասել է նա։

Օհանյանը ընդգծել է, որ հակառակորդի հիմնական նպատակն է Արցախի Հանրապետության հայաթափումը։ «Նրա հեռահար նպատակն է տարբեր տիպի ճնշումներով, մարտավարական քայլերով փորձել ռազմավարական կարևոր բարձունքներ, կետեր, աշխարհագրական դիրքեր զբաղեցնել, որպեսզի հետագայում այդ հատվածներից ճնշումներն Արցախի ժողովրդի վրա կարողանան շարունակական դարձնել»,- ասել է նա։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի համար անընդունելի է ՀՀ իշխանությունների մինչև հիմա ձեռնարկած միջոցառումները։

«Հայաստանի և Արցախի իշխանությունները մինչև հիմա չեն գիտակցել, թե ինչպիսի անվտանգային միջավայր գոյություն ունի Հայաստանի և Արցախի շուրջ, ժամանակին որոշումներ չեն ընդունել։ Միանշանակ, այսօր այս իրադրության պատասխանատուներն այս իշխանություններն են և բնակչությունը պետք է այս իշխանություններից պահանջի արագ միջոցառումներ ձեռնարկել»,-հավելել է նա։

«Հայաստան» խմբակցության ղեկավարը նշել է, որ ԱԺ-ում գործունեություն ծավալելու ընթացքում տեսել են՝ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ գցում են ուրիշների վրա, «միայն թե իրենք ոչ մի բանով չզբաղվեն»։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել: Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 27-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ադրբեջանական ուժերը հետ քաշել զորքերը Փառուխ գյուղից, Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---