Կրեմլն Ուկրաինայի հետ բանակցություններում դեռևս «շատ խոստումնալից բան» չի տեսնում

Կրեմլն Ուկրաինայի հետ բանակցություններում դեռևս «շատ խոստումնալից բան» չի տեսնում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով մարտի 29-ին ՌԴ և Ուկրաինայի միջև Ստամբուլում կայացած բանակցությունները, ասել է, որ լուրջ բեկում չի գրանցվել։

«Ուկրաինական կողմը սկսել է հավաքական առումով ձևակերպել և թղթին հանձնել իր դիրքորոշումը։ Այլ առումով, այսպես ասենք, մենք դեռևս չենք կարող ինչ-որ շատ խոստումնալից բան գրանցել։ Դեռ անելիք կա»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը, գրում է Gazeta.ru-ն։

ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի ստորագրումն Ուկրաինայի համար հնարավոր է միայն ՌԴ զորքերի՝ փետրվարի 23-ի ելման դիրքերը վերադառնալուց հետո։

Պեսկովին խնդրել են մեկնաբանել Կիևի դիրքորոշումը։ «Եթե ուշադրություն եք դարձրել, մենք խուսափում ենք հայտարարություններից։ Մենք չենք քննարկում դրանք հրապարակավ։ Մենք կարծում ենք, որ բանակցությունները լռության պայմաններում պետք է ընթանան»,-ասել է նա։

Նա նաև հավելել է, որ ՌԴ կողմից բանակցում են պրոֆեսիոնալներ, իսկ մյուսները լավ կլինի զերծ մնան հույզերից և «Ստալինգրադ չսարքեն»։

Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրազեկված է բանակցությունների բոլոր մանրամասների մասին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մարտի 29-ին Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքում ՌԴ և Ուկրաինայի դիրքորոշումներում որոշ մերձեցում է գրանցվել։ Ուկրաինան առաջարկում է, որ Ռուսաստանը դեմ չլինի Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, իսկ Ուկրաինան պարտավորվում է չանդամակցել ՆԱՏՕ-ին և չհավակնել Ղրիմը վերադարձնել ռազմական ճանապարհով։ Ուկրաինան փոխանցել է իր առաջարկները ՌԴ-ին և պնդում է, որ դա լինի միջազգային պայմանագիր, որը կանցնի հանրաքվեով և կստորագրվի նաև այլ երկրների կողմից, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի։

Ռուսական պատվիրակությունը պատասխան կտա Ուկրաինայի առաջարկներին, երբ դրանք ուսումնասիրի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---