ՌԴ դեսպան․ Մոսկվան ԵԱՏՄ դաշնակիցներից ակնկալիքներ ունի

ՌԴ դեսպան․ Մոսկվան ԵԱՏՄ դաշնակիցներից ակնկալիքներ ունի

PanARMENIAN.Net - Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «ԵԱՏՄ-ի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները՝ ՌԴ դեմ հավաքական Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ, հայտարարել է, որ Մոսկվան ԵԱՏՄ դաշնակիցներից ակնկալիքներ ունի։

Նա նշել է, որ Մոսկվայում հասկանում են, որ Ռուսաստանին մեկուսացնելու գիծը կիրականացվի նաև դաշնակիցների միջոցով, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների։ «Մենք ակնկալում ենք, որ մեր շահերի ընդհանրությունը, մեր տնտեսական փոխկապակցվածությունը կթելադրեն ըմբռնում, որ պետք է միասին մնալ, միասին զարգանալ»,-ասել է նա՝ հավելելով, որ Մոսկվան, այս առումով, ակնկալիքներ ունի իր դաշնակիցներից և համոզված է, որ «բոլոր ուղղություններով կգտնվեն անհրաժեշտ լուծումները», գրում է «Առավոտը»։

«Ռուսաստանի վրա ճնշում է գործադրվում. պատերազմը ոչ միայն տնտեսական է, այլև քաղաքական։ Այս պատերազմն ուղղված է ԱՄՆ-ի գերիշխանության պահպանմանը և այն մի իրավիճակի հիմքն է, որին բախվում է ամբողջ աշխարհը»,- նշել է Կոպիրկինը։

Դեսպանը հավաստիացրել է՝ ՌԴ-ն մշտապես դեմ է եղել որևէ հեգեմոնիայի և շարունակում է կողմ հանդես գալ՝ փոխշահավետության սկզբունքներով հարաբերությունների զարգացմանը. «Ցավոք, նման գիծ մեր արևմտյան գործընկերները չեն որդեգրել»:

Արդյունքում, ըստ դիվանագետի, ունենք ներկայիս իրավիճակը։ «Ռուսաստանի դեմ քաղաքական և տնտեսական պատերազմ է ընթանում, որը կատալիզատոր է աշխարհում այն փոփոխությունների համար, որոնք վաղուց սպասված են և հակասում են ամերիկյան հեգեմոնիայի մոդելին։ Դրանք փոփոխությունների լուրջ նախադրյալներ են ստեղծում աշխարհում»;,-ասել է նա:

Դեսպանը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ի հիմնումը գրեթե համընկավ հակառուսական առաջին պատժամիջոցների հետ։ Դրան հետևեցին կորոնավիրուսի համաճարակն ու դրանով պայմանավորված սահմանափակումները, որոնց համատեքստում էլ, դիվանագետի գնահատմամբ, ԵԱՏՄ-ն շարունակեց զարգանալ և ցույց տվեց իր արդյունավետությունը։ «Ներկայիս պատժամիջոցներն աննախադեպ են իրենց մասշտաբներով: Բայց այս իրավիճակը պետք է խթանի մեզ արագացնելու ինտեգրումը եվրասիական մեծ գործընկերության շրջանակներում, ինչի մասին խոսել է նախագահ Վլադիմիր Պուտինը»,-ասել է նա:

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---