Փաշինյան․ Ադրբեջանի տարածքներ կան, որ ՀՀ վերահսկողության տակ են և հակառակը՝ այս հարցերը պետք է լուծվեն բանակցություններով

Փաշինյան․ Ադրբեջանի տարածքներ կան, որ ՀՀ վերահսկողության տակ են և հակառակը՝ այս հարցերը պետք է լուծվեն բանակցություններով

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգին անցնելը, անդրադարձել է ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած իր և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման արդյունքներին։

Նա նշել է, որ «ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են, և այս հարցերը պիտի լուծվեն բանակցությունների արդյունքներով՝ բնականաբար, դե յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա»:

Վարչապետը հավելել է նաև, որ քննարկման թեմաներից է եղել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, որի շուրջ արձանագրել են որոշակի տարընթերցումներ և պայմանավորվել են շարունակել։

Նա նշել է, որ հանդիպմանը 2 հարցի վերաբերյալ է կայացվել որոշում:

«Առաջինը՝ երկու երկրի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ: Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները և հարցերը պետք է ի մի բերվեն և բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն: Մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը»,-ասել է նա։

Նա նաև ասել է, որ էական է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունը և պիտի շարունակեն աշխատել այդ ուղղությամբ:

Հաջորդ որոշումը, որ կայացվել է՝ մինչև ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին էր:

«Այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ: Առաջինը՝ բուն դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանագծման աշխատանքներն են: Երկրորդը՝ սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովումը: Այս թեմայով քննարկումները, հիշում եք, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, տեղի են ունենում շուրջ մեկ տարի, և ի վերջո, այսպիսի կոմպրոմիսային որոշման հանգեցինք»,-ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանը:

«Եվրամիությունը նույնպես աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում, և այս ուղղությամբ պիտի առաջ շարժվենք: Գիտեք, որ մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է: Այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել և փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ»,-ասել է վարչապետը։

Ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ:

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---