Աղվան Հովսեփյանի քրգործի նախաքննությունն ավարտվել է

Աղվան Հովսեփյանի քրգործի նախաքննությունն ավարտվել է

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին գլխավոր դատախազի Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. Նա մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների կատարման մեջ, տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:

Մասնավորապես` Աղվան Հովսեփյանը, Ա. Ս.-ի հետ 2007թ. հիմնադրելով տեխնիկական զննման գործունեություն իրականացնող «Տրանս-Սիստեմ» ՍՊԸ-ն, իրականացրել է դրա կառավարման գործառույթները: Աղվան Հովսեփյանը, իր պաշտոնեական դիրքից բխող հնարավորություններն օգտագործելով, ստացել է համապատասխան լիցենզիա: Հովսեփյանի որոշմամբ նշված բիզնեսում ներգրավվել են նաև նրա հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող ՀՀ գլխավոր դատախազության նախկին աշխատակիցներ, իսկ 2015թ.-ից ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր է դարձել նրա որդին` Նարեկ Հովսեփյանը։

Բացի այդ, 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 788 մլն դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով՝ Աղվան Հովսեփյանը նշված գումարով 2009-2015թթ. վերանորոգել և կառուցել է առանձնատուն, որի պատկանելությունը թաքցնելու համար նախ այն հաշվառել է որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ, այնուհետև` 2015թ. կնքված ձևական պայմանագրով, Նարեկ Հովսեփյանն ավելի քան 1 մլրդ դրամ արժեք ունեցող վերոհիշյալ առանձնատունը 90 մլն դրամով իբր վաճառել է մորը՝ Աստղիկ Հովսեփյանին: Այդ կերպ Աղվան Հովսեփյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված 788 մլն դրամը:

Քրգործով հիմնավորվել է նաև, որ Աղվան Հովսեփյանը ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու արդյունքում ստացված ևս 55 մլն դրամով 2009-2011թթ. ընթացքում Երևանի Մաշտոցի պողոտայում վերանորոգել է բնակարաններ, գնել ավտոտնակ, որոնց պատկանելությունը թաքցնելու և անօրինական ծագումը խեղաթյուրելու նպատակով դրանք գրանցել է այլ անձանց անուններով։

Բացի այդ, Աղվան Հովսեփյանը, մտադրվելով իրեն պատկանող առանձնատան հարակից տարածքում կառուցել փոքր ՀԷԿ, 2010թ. հոկտեմբերին իր մտերիմ, նույն համայնքի նախկին ղեկավար Հ. Ա.-ին համոզելու եղանակով դրդել է ձևական աճուրդի կազմակերմամբ ապահովել 27.796 հա ընդհանուր մակերեսով 10 հողատարածքների սեփականության իրավունքով վաճառքը որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ:

Այնուհետև, ապօրինի օտարված հողամասերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, Աղվան Հովսեփյանը դրանք ձևական առուվաճառքի պայմանագրերով ձևակերպել է նախ իր ազգականի անունով, իսկ 2017թ. նվիրատվության պայմանագրով` նույն հողատարածքները նվիրաբերել որդուն: Նշված եղանակով Աղվան Հովսեփյանն օրինականացրել է ավելի քան 5 մլն դրամ արժողությամբ 27.796 հա մակերեսով հողամասերը:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Աղվան Հովսեփյանը, նախկին «Երևան հեռուստաընկերություն» ՓԲԸ սեփականատեր Վ. Ղ.-ից տեղեկացված լինելով նրա շահերին առնչվող քրեական գործերի առկայության մասին, ծառայության գծով հովանավորչության համար 2011թ. ընթացքում նրանից որպես կաշառք պահանջել է առանձնապես խոշոր չափերով` վերը նշված ընկերության մոտջ 206 մլն դրամ արժողությամբ 50 հատ բաժնետոմսերը, որոնք ստացել է իր որդուն` Արմեն Հովսեփյանին նվիրաբերելու եղանակով: Այնուհետև Հովսեփյանը, բաժնետոմսերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, հորդորել է Վ. Ղ.-ին հիշյալ բաժնետոմսերը ընկերության մյուս 50 բաժնետոմսերի հետ վաճառել մեկ այլ ընկերության: Բաժնետոմսերի վաճառքից ստացված` Աղվան Հովսեփյանի մասնաբաժինը կազմող գումարի մի մասը փոխանցվել է որդու անվամբ բացված հաշվեհամարին և այն ձևակերպվել որպես ավանդ, որի տոկոսային եկամուտը 2014-2017 թթ. ընդհանուր կազմել է ավելի քան 31 մլն դրամ: Արդյունքում Աղվան Հովսեփյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 237 մլն դրամը:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Վ. Ղ.-ին փաստացի պատկանող ավելի քան 672 մլն դրամ արժողությամբ 3,0078 հա հողատարածքը Աղվան Հովսեփյանի առաջարկով ձևակերպվել է «Տիգրան Մեծ» ՓԲԸ հրատարակչության գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանի անվամբ` որպես Ղարիբյան եղբայրների միջև առկա գույքային տարաձայնությունները հարթելու երաշխիք, որից հետո Աղվան Հովսեփյանը Վրեժ Մարկոսյանին դրդել է վերջինիս վստահված վերոհիշյալ հողատարածքը նվիրատվության պայմանագրով գրանցել Նարեկ Հովսեփյանի անվամբ: Արդյունքում Աղվան Հովսեփյանի դրդմամբ Վ. Մարկոսյանը հողատարածքը 2017թ. գրանցել է Աղվան Հովսեփյանի որդու անվամբ:

Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---