Վարչապետ․ Պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3825 է

Վարչապետ․ Պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3825 է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացնելով 2021-ի կառավարության ծրագրի կատարման արդյունքները հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3825 է:

Նա նշել է, որ նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել, նույնականացվել և հուղարկավորվել են 2021 թվականին:

Վարչապետը նշել է նաև, որ ի սկզբանե ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի, թե պարտության համար, բայց չի ընդունում հողեր հանձնելու և այդպիսով նաև դավաճանության մեջ մեղադրանքները։

«Գերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են հիմնական սիմվոլը, ու այդպես էլ մեզնից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը՝ ինչո՞ւ այսպես եղավ: Այս հարցի պատասխանը ինքս պիտի տամ ու հիմա պատրաստվում եմ դա անել: Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի, թե պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունելու մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու, այդպիսով նաև դավաճանության մեջ», - հայտարարել է Փաշինյանը:

Նա նշել է, որ եթե իրեն ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ հողեր չհանձնելու մեջ:

Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը 208 անհետ կորած ունի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---