Ամերիաբանկն ամփոփել է «Դարձի՛ր փոփոխությունը» ուսանողական մրցույթը. 3 մլն դրամ՝ հաղթող թիմին

Ամերիաբանկն ամփոփել է «Դարձի՛ր փոփոխությունը» ուսանողական մրցույթը. 3 մլն դրամ՝ հաղթող թիմին

PanARMENIAN.Net - Ամերիաբանկն ապրիլի 13-ին ամփոփեց VISA վճարային համակարգի հետ իրականացվող «Դարձի՛ր փոփոխությունը» ուսանողական մրցույթը, որը մեկնարկել էր 2021-ի դեկտեմբերին: Դրա հաղթող ճանաչվեց ու գլխավոր մրցանակը՝ 3 մլն դրամ ստացավ TakeAR կրթական նախագիծը, որի նպատակն է մեր երկրում դպրոցական կրթական համակարգը զինել լրացված իրականության (augmented reality) և վիրտուալ իրականության (virtual reality) տեխնոլոգիաներով՝ առարկաների, թեմաների յուրացման հեշտ և արդյունավետ հնարավորություն ստեղծելով։

Նախագծի հեղինակները նախատեսում են մեկնարկի համար լրացված իրականության տեխնոլոգիայի միջոցով 9 ամսում ստեղծել 8-րդ դասարանի կենսաբանության (մարդ-անատոմիա) դասագրքի վիրտուալ լաբորատորիա` բջջային հավելվածի տեսքով: Այն կներառի 3D մոդելներ, 3D անիմացիաներ և թեմայի հակիրճ ձայնագրություն։ Եթե ծրագիրը հաջողվի, ապա նույն տեխնոլոգիան կկիրառվի այլ դասագրքերի ու առարկաների համար` նույն հավելվածում համալրումների միջոցով:

«Մեր նպատակն է լրացնել ու զարգացնել դպրոցական կրթությունը: Բջջային հավելվածը, որը ստեղծվելու է, հասանելի կլինի աշակերտներին թե տանը, թե դպրոցում, այն նաև հնարավորություն կտա ուսուցիչներին դասն առավել ինտերակտիվ անցկացնել, և դասապրոցեսում ներառել նաև առավել պասիվ կամ թույլ առաջադիմությամբ աշակերտներին»,- նշեց նախագծի հեղինակներից Վիգեն Խաչատրյանը՝ հավելելով, որ նախատեսում են նախագիծն իրականացնել 9 ամսում, իսկ հաջորդիվ դրա շրջանակում ամբողջացնել «Կենսաբանություն» առարկան, ապա՝ անցնել մյուս բնագիտական առարկաներին:

Գլխավոր մրցանակից բացի, ևս 5 թիմ խրախուսական մրցանակ ստացավ՝ 100,000-ական դրամի տեսքով: Մասնակիցների աշխարհագրությունը ևս տարբեր էր՝ ուսանողներ էին հավաքվել ՀՀ ամենատարբեր մարզերից:

Խրախուսական մրցանակ ստացողներից «Հիպոկրատին հավատարիմ» նախագիծն իրականացնում են Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի անդամները: Հեղինակներից Լինա Աճեմյանը նշեց, որ նախագծի հիմնական նպատակն է սահմանամերձ շրջանների բնակիչներին անվճար բուժօգնություն ցուցաբերել:

«Ծրագրի շրջանակում որոշել ենք մեզ հետ սահմանամերձ շրջաններ տանել անհրաժեշտ սարքավորումներ, առաջին կայքի դեղորայք՝ տեղի բնակիչներին բուժօգնություն ցուցաբերելու համար: Դրանից զատ, մեզ հետ նաև 15-20 հմուտ կամավոր բժիշկներ են մեկնում մարզեր, որոնք տեղում հիվանդների ախտորոշում են իրականացնում և անհրաժեշտության դեպքում բուժում նշանակում, եթե կարիք կա՝ նաև Երևանի ԲԿ-եր ուղղորդում»,- մանրամասնեց Լինան:

Մրցույթի շրջանակում 4-6 հոգանոց թիմերը պետք է ներկայացնեին նորարարական գաղափարներ, որոնք կարող են փոփոխել հասարակության որևէ խմբի կյանքը, գիտության կամ տնտեսության ոլորտը: Մասնակցության առանցքային պայմաններից էր, որ ներկայացվող նախագիծը պետք է իրագործվի Հայաստանում 1-2 տարվա ընթացքում՝ գլխավոր մրցանակի տեսքով տրամադրվող բյուջեի շրջանակում: Ընդհանուր առմամբ, եզրափակիչ էր անցել 11 նախագիծ:

«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի խոսքով՝ կրթության մեջ ներդրումները երկարաժամկետ են. ըստ նրա՝ նոր սերունդն առավել ազատ է կապանքներից ու, ի տարբերություն ԽՍՀՄ տարիների երիտասարդության, շատ ավելի բաց է դեպի առաջ նայելու:

«Նման ներդրումները, որոնք ուղղված են երիտասարդությանն ակտիվացնելու, նրանց միտքը զարգացնելու ու դեպի փոփոխություններ ուղղելու, շատ կարևոր են մեր ազգի ապագայի համար»,- ասաց նա՝ հավելելով, որ մրցույթի շրջանակում բավականին լուրջ ոլորտներից նախագծեր էին ներկայացվել:

Խոսելով մրցույթի շրջանակում իգական սեռի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածության մասին, Girls in Tech Armenia-ի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանն ընդգծեց, որ իր համար հատկապես տպավորիչ և ուրախացնող էր այն փաստը, որվ նրանք չեն խուսափում զբաղվել բիզնեսով, փոփոխություններով և նորարարությամբ:

«Շատ տպավորված եմ մրցույթից, հաշվի առնելով, որ գործ ունեինք ուսանողների հետ, որոնք նոր գաղափարներ էին բերել՝ վստահ լինելով, որ դրանք պետք է նպաստեն փոփոխությունների: Ինչպես շատ ճիշտ նշեց ժյուրիի անդամներից մեկը՝ փոփոխությունն արդեն նրանց գլխում է, ինչը կանգնեցնել, դադարեցնել էլ հնարավոր չէ, ու վստահ եմ՝ անկախ հաղթողներից, այս 11 թիմն ինչ-որ կերպ կգտնի կյանքն ավելի լավը դարձնելու, փոփոխելու իր ճանապարհը»,- ասաց նա:

Իր հերթին, Ամերիաբանկի ՄՌԿ ծառայության զարգացման և վերապատրաստման բաժնի ղեկավար Վահան Մելքումյանը պատմեց, որ վերջին տարիներին 100-ից ավելի նախագծեր են իրականացրել երիտասարդների և ուսանողների համար՝ նպատակ ունենալով նրանց հնարավորություն տալու ռեալիզացնելու իրենց պոտենցիալն ու կյանքի կոչելու անիրական թվացող գաղափարները, փոփոխություն բերող մտքերը, ինչի պատճառով էլ Բանկը որոշեց իրականացնել «Դարձի՛ր փոփոխությունը» նախագիծը:

«Նման նախագծեր շատ ակտիվ իրականացնում ենք նաև մեր կազմակերպության ներսում: Մասնավորապես, թվային փոխակերպման ռազմավարության ներքո մեկնարկել ենք մի շարք հետաքրքիր ծրագրեր, որոնց նպատակն է բարելավել և դիվերսիֆիկացնել մեր թիմակիցների գիտելիքներն ու օգնել նրանց վերաորակավորվել մի շարք ուղղություններում»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ ծրագրերի մասին առավել մանրամասն կխոսեն մոտ ապագայում:

Ամփոփելով մրցույթի արդունքները՝ Ամերիաբանկի մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումների իրական արժեքը ոչ թե մրցանակն է, այլ մարդկային շփումները, նեթվորքինգը, ինչն ապահովվեց նաև այս մրցույթի ընթացքում: Ըստ նրա՝ դրա շրջանակում հավաքվել էին ժյուրիի այնպիսի անդամներ, որոնք, ծանոթանալով նախագծերին, հետագայում էլ ավելի մեծ հնարավորություններ կտան մասնակիցներին՝ զարգացնելու, կատարելագործելու ու առաջ տանելու իրենց նախագծերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---