Ընդդիմությունն անժամկետ բողոքի ակցիաներ է մեկնարկել

Ընդդիմությունն անժամկետ բողոքի ակցիաներ է մեկնարկել

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ի երեկոյան ընդդիմությունն անժամկետ բողոքի ակցիաներ է սկսել Ազատության հրապարակում։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ընդդիմությունից հասարակությունը միշտ գործողություններ է պահանջել և դրանք սկսված են։ Նա հավելել է, որ նստացույց է սկսում և տուն չի գնալու Ազատության հրապարակից։

Թեև սկզբից ակցիանյի մասնակիցներին ոստիկանությունը թույլ չէր տալիս վրաններ տեղադրել, ուշ երեկոյան վրան են տեղադրել Ազատության հրապարակում։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ բոլոր իրական ընդդիմադիր ուժերը դուրս են գալու փողոց և պայքարը լինելու է ապակենտրոն ու ցանցային։

Ապրիլի 18-ի առավոտյան հրապարակում նստացույց անող Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի 2 մասնակից` Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը, որոնք հացադուլ են հայտարարել:

«Առավոտյան Ազատության հրապարակ եկան 44-օրյա պատերազմի մասնակիցներ, որոնք երեկ հայտարարել էին անժամկետ հացադուլի և Արթուր Վանեցյանին միանալու մասին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Վանեցյանը հորդորել է նրանց դադարեցնել հացադուլը։

«Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին։ Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը։ Հրապարակում ենք: Տղաների հետ շփվելու հնարավորություն կա և լինելու է: Մեկ հորդորով իհարկե չեմ բավարարվի…Մենք դեռ մեծ ճանապարհ ունենք անցնելու»,-գրել է Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հացադուլ հայտարարած պահեստազորի ավագ լեյտենանատ Նվեր Կիրակոսյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ես և Արթուր Ավագյանը՝ չլինելով կուսակցականապես և ֆինանսապես մոտիվացված, առանց իշխանական և կարգավիճակային շարժառիթների, որպես Անկախության սերնդի ներկայացուցիչներ, Հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան ժամը 09։00֊ից լինելու ենք Ազատության հրապարակում։ Հացադուլի նպատակը մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ գործնական քայլերի կատարման ուղղորդումը։

Քայլը ծայրահեղական է, ինքնաբուխ, բայց համարժեք իրավիճակին։ Այն կոչ Է, ծառայելու օրինակ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով 2021թ․ կատարողականի հաշվետվությունը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայկական կողմին ասում է՝ «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ «Հակառակ դեպքում, նրանք խնդրում են իրենց վրա հույս չդնել՝ ոչ թե չեն ցանկանում օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող»,-ասել է նա։ Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, «որքան հնարավոր է արագ, հայկական կողմի պլաններում է»՝ հավելելով, որ սակայն, որ պատրանքներ այս հարցում չկան։

Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել՝ պահանջելով ՀՀ իշխանությունից հրաժարվել իր որդեգրած ներկայիս աղետալի դիրքորոշումից։ Հայտարարությունն ընդունվել է միաձայն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---