Դատարանը թույլատրել է Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նիստի

Դատարանը թույլատրել է Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նիստի

PanARMENIAN.Net - Դատավոր Աննա Դանիբեկյանը թույլատրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին որոշ ժամանակով բացակայել երկրից՝ Ստրասբուրգում նախատեսված վեհաժողովին մասնակցելու համար։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդել է դատարանին թույլատրել իր պաշտպանյալին հատել ՀՀ սահմանը։ Մասնավորապես, Սահակյանը հայտնել է, որ Գևորգյանն ապրիլի 23-ից 29-ը ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին պետք է մասնակցի, գրում է Sputnik Արմենիան։

«Դատարանը հատկապես կարևորում է այն հարցը, որ միջնորդության հիմքում նշվում է` Գևորգյանը պատրաստվում է ԵԽԽՎ-ում ելույթներ ունենալ և բարձրաձայնել Արցախյան հակամարտությանը վերաբերող հարցեր։ Նման հարցեր այս պահին բարձրացնելը դատարանն արդիական է համարում»,- ասել է Դանիբեկյանը։

Դատավորի խոսքով` չնայած Գևորգյանի` երկիր չվերադառնալու որոշակի հավանականությանը, դատարանը որոշում է թույլատրել նրան Ստրասբուրգ մեկնել:

Մինչ այս Գևորգյանի պաշտպանական կողմը քանիցս նման միջնորդություններ էր ներկայացրել դատարան, որպեսզի թույլատրեն Գևորգյանին մասնակցել ԵԽԽՎ նիստերին։ Դատարանը, սակայն, միշտ մերժում էր դրանք` ասելով, որ Գևորգյանը կարող է երկիր չվերադառնալ և նիստերին չներկայանալ այլևս։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը քրեական գործով անցնում են որպես մեղադրյալներ։ Քոչարյանը մեղադրվում է առանձնակի խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը` փողերի լվացման մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---