Զոհված զինվորի հայրը հացադուլ է սկսում․ Փաշինյանին չձերբակալելու դեպքում սպառնում է ինքնահրկիզվել

Զոհված զինվորի հայրը հացադուլ է սկսում․ Փաշինյանին չձերբակալելու դեպքում սպառնում է ինքնահրկիզվել

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմում զոհված Լևոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանն ապրիլի 25-ից հացադուլ է հայտարարում։ Ինչպես Ազատության հրապարակում նշել է նա, հացադուլը կշարունակի մինչև մայիսի 8-ը, իսկ եթե մինչ այդ համապատասխան մարմինները չձերբակալեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա ավելի ծայրահեղ քայլի կգնա, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Ես չեմ կարող նայել, թե ինչպես է Հայաստանը կործանվում։ Գնում եմ ծայրահեղ քայլի. մինչև մայիսի 8-ը հացադուլ եմ հայտարարում․ մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրն ավելի ծայրահեղ քայլի կգնամ՝ Հանրապետության հրապարակում կինքնահրկիզվեմ, որովհետև այսկերպ էլ հնարավոր չի ապրել։ Չգիտեմ՝ էլ ինչ կարող է լինել, որ մենք ձերբազատվենք այդ վարչապետ կոչեցյալից»,- ասել է նա ՝ հավելելով, որ ձերբակալման հարցով ուզում է դիմել ՀՀ դատախազությանը, ԱԱԾ-ին։

Ինչպես նշել է հայրը, Լևոն Ավետիսյանն ավագ լեյտենանտ էր և ծառայում էր Մատաղիսում։ Պատերազմի ընթացքում ցուցաբերած արիության համար նշանակվել է գումարտակի փոխհրամանատար։ Հոր խոսքով՝ որդին Մատաղիսը Երևանի չափ կարևորում էր։

«Հոկտեմբերի 6-ին իր վաշտով փորձել է հետ բերել Մատաղիսը ու զոհվել է։ Ես ժողովրդի առաջ խոստանում են՝ Նիկոլ Փաշինյանի ձերբակալումից հետո անել ամեն ինչ, մինչև արյան վերջին կաթիլս պայքարել՝ Մատաղիսը հետ բերելու համար»,- հայտարարել է զոհվածի ծնողն ու հավելել, որ Փաշինյանի հայտնի հայտարարությունը նշանակում էր՝ «ես եմ սպանել ձեր տղաներին․ բան կա ասելու, եկեք ասեք», բայց ոստիկանությունը թույլ չի տվել մոտենալ Փաշինյանին։

Հարցին՝ ի՞նչ նպատակով էր ուզում մոտենալ վարչապետին, զոհվածի հայրը պատասխանել է․ «Կհարցնեի՝ ի՞նչ հաճույք ես զգում հայի արյուն թափելուց։ Նա կանխամտածված հրահրեց պատերազմ, այնպես արեց, որ մենք պարտվենք։ Զինվորները, սպաները, որ զոհվեցին, նրանց բոլորի արյունը Նիկոլի վրա է»։

Ապրիլի 13-ին Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ հարցազրույցներից մեկում ասել է՝ եթե իրեն ուզում են օբյեկտիվ մեղադրանքներ վերագրեն, ապա պետք է մեղադրեն ոչ թե հողերը հանձնելու, այլ չհանձնելու մեջ և նկատել, որ խոստովանում է այդտեղ իր մեղավորությունը:

«Հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ
---